Վանաձորի բժշկական կենտրոնում մայիսին ծննդաբերելուց հետո կոմայի մեջ ընկած և մինչ օրս «Էրեբունի» բժշկական կենտրոնում արհեստական ճանապարհով գոյատևող Լիլիթ Նալբանդյանի գործով դատաբժշկական կրկնակի փորձաքննությունն ամբողջությամբ հերքել է առաջին փորձաքննության այն պնդումները, որ բժիշկները թերություններ և բացթողումներ թույլ չեն տվել և որ հիվանդի մոտ առկա է եղել (առաջացել է) թրոմբոէմբոլիա: Այս մասին Epress.am-ին հայտնել է Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ, Լիլիթ Նալբանդյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը, ում միջնորդության հիման վրա դեռևս նախորդ տարի քրեական գործ էր հարուցվել։
Կրկնակի փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ բուժանձնակազմի կողմից պատշաճ հսկողության դեպքում կնոջ վիճակի վատացումը հնարավոր էր ժամանակին հայտնաբերել։
«Ակներև է, որ առաջին եզրակացությունը պարունակում է ակնհայտ կեղծ հետևություններ. անհերքելի են բժիշկների բազմաթիվ թերությունները և բացթողումները, հիվանդի մոտ թրոմբոէմբոլիա գոյություն չունի: Ավելին, առաջին եզրակացության մեջ նշվել էր, որ թրոմբոէմբոլիան հիմնավորվում է «էրեբունի» ԲԿ-ում կրծքավանդակի հետազոտությամբ, այնինչ կրկնակի փորձաքննության եզրակացությամբ «Էրեբունի» ԲԿ-ում կատարված տվյալ հետազոտության և կլինիկական տվյալներով Լիլիթ Նալբանդյանի մոտ թոքային զարկերակի ճյուղերի թրոմբոէմբոլիա չի ախտորոշվել», – ասել է Արայիկ Պապիկյանը:
Փաստաբանի խոսքով՝ առաջին եզրակացությունը կազմած փորձագետները քաջ գիտակցել են, թե ինչ փաստաթղթի տակ են դնում իրենց ստորագրությունները:
«Նրանք ցանկացել են պահպանել «մասնագիտական հավատարմությունը» և քրեական պատասխանատվությունից փրկել իրենց գործընկերներին: Սակայն հաշվի չեն առել այն փաստը, որ Նալբանդյանի առողջությանը հասցվել է անդառնալի ծանր վնաս, նա մինչ օրս՝ ավելի քան 10 ամիս կոմայի մեջ է և գրեթե որևէ հույս չկա, որ նա կառողջանա», – նշել է Պապիկյանը:
Փաստաբանը նշված փաստերի հիման վրա ՀՀ Գլխավոր դատախազին միջնորդել է՝ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստով հարուցել քրեական գործ՝ 2013թ. մայիսի 31-ին նշանակված Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը կազմած բ.գ.թ., դոցենտ Գ.Հարությունյանի, բ.գ.դ. պրոֆ., ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Ռ.Աբրահամյանի, բ.գ.դ. պրոֆ. Ի.Մալխասյանի, փորձագետ Գ.Գաֆարյանի նկատմամբ:
«Միաժամանակ, նկատի ունենալով այն փաստը, որ Լ. Նալբանդյանին վիրահատող բժիշկ Դավիթ Շահվերդյանը և անեսթեզիստ Ալվարդ Հայրապետյանը իրենց սխալ գործողություններով, հետագայում՝ նաև անգործությամբ, չեն կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, հիվանդին թողնելով վտանգի մեջ՝ ցույց չեն տվել օգնություն, որն առաջացրել է կյանքի համար վտանգավոր վիճակ, միջնորդել ենք նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի (վտանգի մեջ թողնելը) 2-րդ մասով, 129-րդ հոդվածի (հիվանդին օգնություն ցույց չտալը) 1-ին մասով և 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 1-ին մասով», – ասել է Պապիկյանը: