Վանաձորի բժշկական կենտրոնում մայիսին ծննդաբերելուց հետո կոմայի մեջ ընկած և մինչ օրս «Էրեբունի» բժշկական կենտրոնում արհեստական ճանապարհով գոյատևող Լիլիթ Նալբանդյանի ամուսինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին խնդրել է հանձնարարել իրավասու մարմիններին կատարել գործի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն:
«Հասկանում եմ, որ հրաշքի հարցում մեզ չեք կարող օգնել, սակայն հավատում եմ, որ կարող եք և իրավունք ունեք հանձնարարել համապատասխան մարմիններին գործեն օրենքի շրջանակներում: Թույլ մի տվեք մեր ընտանիքին վրա հասած ծանր փորձության լուծումը տան մաթեմատիկական կամ այլ ապօրինի ճանապարհներով», – բաց նամակում գրել է Արտակ Բարսեղյանը։
Նամակում, որի պատճենը հասցեագրված է նաև ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, Բարսեղյանը ներկայացրել է կնոջ պատմությունը․
«2013 թվականի մայիսի 18-ի գիշերը լույս 19-ին կնոջս՝ Լիլիթ Նալբանդյանին Վանաձորի հիվանդանոցի ծննդատան բաժանմունքում մատուցվել է բուժօգնություն. կինս ծննդաբերել է, որից րոպեներ անց հայտնվել է կոմայի մեջ: Մինչ օրս, շուրջ 14 ամիս Լիլիթը գտնվում է կոմայի մեջ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում նշանակվել է երեք դատաբժշկական փորձաքննություն: Առաջին փորձաքննությունը նշանակվել է 2013 թ. մայիսի 31-ին, որի եզրակացությունը ստացվել է 2013 թ. սեպտեմբերի 10-ին: Համաձայն Եզրակացության Հետևություններ մասի՝ «Լ. Նալբանդյանի բուժման, հետազոտությունների ժամանակ թերություններ, բացթողումներ թույլ չեն տրվել»:
Երկրորդ փարձաքննությունը նշանակվել է 2013 թ. սեպտեմբերի 25-ին, որի եզրակացությունը ստացվել է 2014 թ. մարտի 22-ին: Համաձայն Եզրակացության Հետևություններ մասի՝
«Լ. Նալբանդյանի մոտ հետռեանիմացիոն հիպօքսիկ վիճակի … զարգացումը պայմանավորված են եղել հետվիրահատական վաղ շրջանում … նրա նկատմամբ ոչ պատշաճ բժշկական հսկողության իրականացմամբ, որի պատճառով նրա վիճակի վատացումը ժամանակին չի հայտաբերվել և անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները ժամանակին չեն իրականացվել, որի արդյունքում նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կյանքի համար վտանգավոր վիճակի զարգացման հատկանիշով»:
«Լ. Նալբանդյանի վիճակի վատացումը հնարավոր էր ժամանակին հայտնաբերել հետվիրահատական վաղ շրջանում բուժանձնակազմի կողմից նրա նկատմամբ պատշաճ դինամիկ հսկողության իրականացման միջոցով՝ համապատասխան մասնագետ անեսթեզիոլոգի կողմից ծննդկանին ժամանակից շուտ չլքելու և բուժհաստատությունից չհեռանալու պայմաններում, որի դեպքում էլ հնարավոր էր ժամանակին հայտնաբերել նրա վիճակի վատթարացումը և ժամանակին ձեռնարկել անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ …»:
«… Լ. Նալբանդյանի գլխուղեղի հիպօքսիկ վնասման (Էնցեֆալոպաթիայի) բերած թթվածնային քաղցի առաջացումը պայմանավորված է եղել կրած կլինիկական մահվան (սրտի և շնչառության գործունեության կարգի) ոչ կարճ տևողությամբ՝ կապված վիճակի վատթարացման ժամանակին չարձանագրմամբ և վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումների ժամանակին չիրականացմամբ»:
«Ինչ վերաբերում է մինչ վիրահատությունը Լ. Նալբանդյանի ընդհանուր վիճակի լիարժեք ախտորոշմանը, ապա կատարված հետազոտությունների եղած տվյալներով նրա վիճակը լիարժեք ախտորոշված համարել հնարավոր չէ, քանի որ նախավիրահատական շրջանում չի կատարվել էլեկտրոսրտագրություն (ԷՍԳ), որի կատարումը անզգայացումից առաջ պարտադիր է»:
Ես բժիշկ կամ փորձագետ չեմ, սակայն կարդալով առաջին երկու փորձաքննությունների տվյալները ավելի քան համոզվել եմ, որ կնոջս ներկայիս վիճակի մեղավորները բժիշկներն են: Չնայած վերը նշված փաստերին, 2014 թ. ապրիլի 10-ին քննիչի որոշմամբ նշանակվել է Կրկնակի (թվով՝ 3-րդ) հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ այն հիմնավորմամբ, որ՝ երկու եզրակացություններում առկա են հակասություններ:
2014 թ. հուլիսի 10-ին տեղի է ունեցել 3-րդ դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի նիստը, որին ներկա լինելու թույլատրել էին նաև ինձ:
Հանձնաժողովի նիստի քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամները ինձ ասացին, որ եզրակացության մեջ չեն նշելու բժշկական սխալի մասին, այլ միայն կպատասխանեն քննիչի առաջադրած հարցերին: Իսկ քննիչի կողմից հանձնաժողովին առաջադրված հարցերի ամբողջ էությունը կայանում է նրանում, թե առկա է արդյո՞ք բժշկական սխալ, թե՝ ոչ:
Հաջորդ օրը՝ հուլիսի 11-ին խնդիրը բարձրաձայնելու նպատակով գնացել եմ ՀՀ Առողջապահության նախարարություն, հանդիպել փոխնախարար Վահան Պողոսյանի հետ: Վերջինս ասաց այն նույնը, ինչ հանձնաժողովի նախագահը՝ «չեն նշելու բժշկական սխալի մասին, այլ միայն կպատասխանեն քննիչի առաջադրած հարցերին»:
Նշյալ փաստերը ավելի քան բավարար են համոզվելու, որ շուտով կներկայացվի փարձագիտական եզրակացություն, որը էությամբ կլինի ապօրինի փաստաթուղթ: Ավելին՝ փախնախարարը չի թաքցնում այն փաստը, որ դեռևս չկազմված փորձագիտական եզրակացության հետևությունները իրեն հայտնի են, դա կկազմվի իր ցուցումով կամ իր ուղղորդմամբ:
Եթե անգամ չնկատեմ փոխնախարարի և փորձագետների կանխակալ դիրքորոշումը, ապա չեմ կարող անտեսել հետևյալը. 3-րդ փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո նախաքննական մարմինը (նաև բժիշկները) քրեական գործի լուծման համար պետք է օգտագործեն տարրական մաթեմատիկան՝ 1 (մեկ) եզրակացություն բժիշկների դեմ և 2 (երկու) եզրակացություն բժիշկների օգտին, հետևաբար քրեական գործը կարելի է փակել, մեղավորներ չկան:
Դուստրս 14 ամսական է, նրա ճիչը կամ լացը մայրը երբեք չի լսել: 14 ամիս է Լիլիթը անգիտակից է, ես ու Լիլիթի մյուս հարազատները 400 օրից ավել է սպասում ենք հրաշքի»: