Գլխավոր / Հայաստան / ՀՔԾ֊ն չի ստուգի՝ արդյոք Բաղրամյանի ցույցը ցրած ոստիկանների մեջ եղել են թմրամիջոց օգտագործածներ

ՀՔԾ֊ն չի ստուգի՝ արդյոք Բաղրամյանի ցույցը ցրած ոստիկանների մեջ եղել են թմրամիջոց օգտագործածներ

Հատուկ Քննչական ծառայությունը հրաժարվել է փորձաքննություն նշանակել և ստուգել՝ արդյոք հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցը ցրած ոստիկանների մեջ եղել են թմրամիջոց օգտագործածներ, թե՝ ոչ:

Փորձաքննություն անելու միջնորդությունը ներկայացրել էին Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանները: Հունսիսի 23-ի ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունները դատապարտող հաղորդումների հիման վրա քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածներով. Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ), 164-րդ հոդվածի 2-րդ (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը՝ պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով) և 185-րդ հոդվածի 1-ին մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով:

Իրավապաշտպան կազմակերպությունը ՀՔԾ-ի կողմից միջնորդության մերժումը կամայական վերաբերմունքի դրսևորում է համարում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ոստիկանների կողմից բերման ենթարկված խաղաղ ցուցարարներից 106-ը նման փորձաքննություն անցնել են:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում նախաքննության 2-ամյսա ժամկետը ավարտվել է, և նախաքննական մարմինը ստացել է ժամկետի երկարաձգում ևս 2 ամսով:

Այս ձգձգումը դատապարտել էին 9 լրագրողական կազմակերպություններ՝ հիշեցնելով, որ ոստիկանների կողմից բռնության կամ տարատեսակ այլ խոչընդոտումների են ենթարկվել 24 լրագրողներ ու օպերատորներ: 

Tekali Taxi