Home / Տեսանյութեր / Հայտնի ընկերությունները համագործակցում են հոմոֆոբ հայ բժշկի կազմակերպության հետ

Հայտնի ընկերությունները համագործակցում են հոմոֆոբ հայ բժշկի կազմակերպության հետ

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը հոմոֆոբ է, սակայն կոնֆերանսներ է կազմակերպում միջազգային այնպիսի դոնորների ֆինանսավորմամբ, որոնց էթիկական կանոնակարգերը դատապարտում են որևէ հիմքով խտրականությունը։ Այս մասին նշված է Unzipped: Gay Armenia բլոգում հրապարակված հոդվածում։

Որպես Գրիգորյանի՝ հոմոֆոբ լինելու ապացույց, բլոգում ներկայացվում են Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահի ֆեյսբուքյան էջում վերջին մեկ տարվա ընթացքում արված գրառումները, մասնավորապես․ «Հայ ազգ, խոսքս քեզ եմ ուղղում, համատարած պայքարեք գ**երի դեմ։ Չի կարելի թողնել, որ դրանք բազմանան․․», «Ես հպարտ եմ նրանով, որ դեմ եմ այլասերված մարդկանց։ Միանշանակ չեմ ընդունում միասեռամոլներին․․․», «Կլինեմ այն մարդկանցից մեկը, ով կպայքարի միասեռամոլության դեմ, ու ձեր նման գրանտակեր կենդանիներին, որ փող են վերցնում ու պաշտպանում միասեռամոլներին, մի օր կվերացնեմ»։

Screen-Shot_hatecomments

«Երիտասարդ Բժիշկների Հայկական Ասոցիացիան պատրաստվում է նոյեմբերի 6-7֊ին կոնֆերանս անցկացնել «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ. միջմասնագիտական մոտեցում» խորագրով։ Կոնֆերանսը հովանավորում են մի շարք կազմակերպություններ և դեղագործական ընկերություններ, այդ թվում՝ «Բայեր Հելթքեյր»֊ը, «Յունիֆարմ»֊ը, «Պրոմ֊Թեստ Լաբորաթորիս»֊ը, «Ռեկորդատի»֊ն։ Ես ուզում եմ հավատալ, որ նրանք տեղյակ չեն՝ ինչ հայացքներ ունի այն կազմակերպության ղեկավարը, որին հովանավորում են։ Իսկ հիմա իմացան։ Ես ակնկալում եմ հովանավորներից, հատկապես «Բայեր Հելթքեյր»֊ից, որ անհապաղ քայլեր կձեռնարկեն և կհրաժարվեն հովանավորումից»,֊ ասված է բլոգում։

Մասնավորապես, հայտնի գերմանական «Բայեր Հելթքեյր» ընկերության կայքում ընդգծվում է, որ իրենք չեն ֆինանսավորում որևէ կազմակերպության, որը ռասայական, գենդերային, ազգային, սեռական կողմնորոշման, հավատքի հիմքով խտրականություն է դրսևորում։

Հոդվածում նշվում է նաև, որ Գևորգ Գրիգորյանի մեկնաբանությունները ոչ միայն հակասում են բժշկական բոլոր էթիկական և մասնագիտական նորմերին, այլև քրեական հանցագործության սահմանագծին են, քանի որ ակնհայտ ատելության խոսք և ֆիզիկական բռնության կոչեր են պարունակում։