Home / Հայաստան / Ադրբեջանում հայտնված կնոջ հարազատները չեն հավատում, թե նա կարող էր մոլորվել․ «ՀԺ»

Ադրբեջանում հայտնված կնոջ հարազատները չեն հավատում, թե նա կարող էր մոլորվել․ «ՀԺ»

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կոթի գյուղի բնակիչ, 76-ամյա Լուսիկ Աբովյանի (Ադրբեջանի ՊՆ֊ի հաղորդագրության մեջ նշված էր, որ կինը 73 տարեկան է) հարազատները չեն հավատում, թե նա մոլորվել է ու հայտնվել է Ադրբեջանի տարածքում։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Աբովյանի հարսը՝ Ղուշիկ Բեջանյանը, թերթի հետ զրույցում ասել է, որ իրենք ԶԼՄ֊ներից են տեղեկացել, թե սկեսուրն Ադրբեջանում է։ Բեջանյանի խոսքով՝ նոյեմբերի 8-ին կինը գնացել է մորաքրոջ տուն, որը գտնվում է գյուղի ծայրամասում։

«Նա հաճախակի էր գնում մորաքրոջ տուն։ Այնպես չի, որ հնարավոր է մոլորվեր, մոլորվելու ոչ մի տարբերակ չկար, այդ ճանապարհներն իր համար անծանոթ չեն։ Նման բան հնարավոր չի, ու կարելի է ասել, որ գյուղի բոլոր բնակիչներն այդպես են կարծում», ֊ ասել է Բեջանյանը։

Վերջինս պատմել է, որ Աբովյանը մորաքրոջ տանը կարճ է մնացել, մորաքրոջ հարսն իրեն ուղեկցել է ճանապարհի որոշ հատված, որից հետո կինն ասել է, որ մնացած ճանապարհն ինքը կարող է գնալ՝ «փոքր երեխա չէ»։

Աբովյանի հարսը նաև նշել է, որ մորաքրոջ տունը սահմանից 1.5կմ հեռավորության վրա է գտնվում, բացի դա, սահմանի մոտ խրամատ կա։

«Հնարավոր չի, որ այդ խրամատը ինքն անցներ։ Տարիքով կին է, ես երիտասարդ եմ ու ես էլ չեմ կարող անցնել, դա այնքան խորն է, որ անցնել հնարավոր չի», ֊ նշել է գերի ընկած կնոջ հարսը։

Վերջինս չի բացառել, որ Լուսիկ Աբովյանը, հնարավոր է, դիվերսիոն գործողությունների հետևանքով է հայտնվել Ադրբեջանում․ «Ստույգ տվյալ ոչ ոք չի կարող ասել, բայց այդ տարբերակը ևս մտածում ենք, քանի որ մարդը չկա ու հանկարծ հայտնվել է Ադրբեջանում՝ այն դեպքում, երբ ինքը որևէ խնդիրներ չի ունեցել»։  

Tekali Taxi