Home / Բանակ / Լարված մթնոլորտ դատարանում․ կուրսանտի սպանության աղմկահարույց գործով նիստը հետաձգվեց

Լարված մթնոլորտ դատարանում․ կուրսանտի սպանության աղմկահարույց գործով նիստը հետաձգվեց

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության աղմկահարույց գործով առաջին դատական նիստը կարճ տևեց՝ անցնելով լարված մթնոլորտում։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր կայացած առաջին դատական նիստը մոտ 15 րոպե տևեց․ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն այն հետաձգեց մինչև դեկտեմբերի 1-ը, քանի որ մեղադրյալների փաստաբաններից մի քանիսը դատարան չէին եկել։

Համաձայն մեղադրական եզրակացության` Հայկազ Բարսեղյանին առանձնակի դաժանությամբ սպանության համար մեղադրվում են ռազմական ինստիտուտի կուրսանտներ Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը և Գնել Թևոսյանը։ Վերջինս ռազմական ինստիտուտի պետի սպառազինությունների գծով նախկին տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդին է։

Ինչպես հաղորդում է Epress.am֊ի թղթակիցը, այսօրվա դատական նիստը ուշացումով սկսվեց․ մեղադրյալներին դատարանի դահլիճ բերելուց հետո զոհված կուրսանտի ծնողները և հարազատները սկսեցին վիրավորանքներ հնչեցնել ամբաստանյալների հասցեին: Հայկազ Բարսեղյանի մայրը, իսկ նրա հետևից մյուս հարազատները շարժվեցին դեպի մեղադրյալների նստարան, նրանց ճանապարհը փակեցին մոտ 10 կարգադրիչներ։

«Թքեմ երեսներիդ», «թուրքի լամուկներ», «տականքներ», «անասուններ», «վիժվածքներ» ու նմանատիպ այլ արտահայտությունները դատարանում հնչում էին մոտ 2 րոպե, որից հետո կարգադրիչները դահլիճից հեռացրեցին սպանված կուրսանտի հարազատների մի մասին՝ հիմնականում տղամարդկանց։ Հայկազ Բարսեղյանի մայրը և տատը մնացին դահլիճում․ վերջինս նիստի ողջ ընթացքում պահել էր մահացած կուրսանտի լուսանկարը։ Միջադեպի ընթացքում դահլիճում ներկա մեղադրյալների հարազատները լուռ էին։

Նիստի վերսկսումից հետո դատավոր Հարությունյանը հայտարարեց այն հետաձգելու որոշման մասին, ինչը, սակայն, քննարկման առարկա դարձավ։

Մեղադրյալների պաշտպաններից մեկն իր անhամաձայնությունը հայտնեց նշանակված օրվա հետ՝ նշելով, որ դեկտեմբերի 1-ին ծանրաբեռնված գրաֆիկ ունի: Դատավորը, նկատելով, որ գործում բազմաթիվ կողմեր են ներգրավված, նշեց, որ դժվար կլինի այնպիսի օր ընտրել, որ բոլորին հարմար լինի, ուստի կողմերին խորհուրդ տվեց հարմարեցնել իրենց աշխատանքային գրաֆիկները և հաջորդ նիստի օրը չփոխեց:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանին գտել են հունվարի 29-ին վաղ առավոտյան ռազմական ինստիտուտի տարածքում պտտաձողից կախված վիճակում։ Նախաքննության համաձայն, կուրսանտին կախելուց առաջ փակել են նրա բերանը՝ զրկելով օգնության կանչելու հնարավորությունից, սուր կտրող֊ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի արմնկափոսի երակը, սեղմելով պարանոցը՝ կոտրել են կուրսանտի ենթալեզվային ոսկորը։

Ավելի վաղ Բարսեղյանի հայրը Epress.am֊ի հետ զրույցում ասել էր, որ իր որդուն սպանողները փորձել են ապացույցներ թողնել սպանության վայրում, թե իբր իր որդին ինքնասպան է եղել, մասնավորապես, որդու ձեռագիրը նմանակելով, գրել են երկտող, որտեղ նշված է եղել, թե իր մահվան մեջ ոչ մեկին պետք չէ մեղադրել։ Նախաքննությունը, սակայն, պարզել է, որ երկտողը եղել է ինքնասպանության իմիտացիա։

Tekali Taxi