ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել Հայաստանի տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: Այս մասին ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։
Պաշտոնական աղբյուրի համաձայն, 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանել է Հայաստան և ստեղծել ու ղեկավարել է հանցավոր համագործակցություն:
«Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Նոյեմբերի 25-ին, Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են», ֊ նշում է ԱԱԾ֊ն:
ԱԱԾ֊ն քրեական գործ է հարուցել քրօր֊ի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) և 235–րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):