Home / Տեսանյութեր / Արդյոք Պերմյակովը մենակ էր. Ավետիսյանների հարազատները հարցեր են բարձրացնում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Արդյոք Պերմյակովը մենակ էր. Ավետիսյանների հարազատները հարցեր են բարձրացնում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը ռուսական 102-րդ ռազմակայանում կայացած առաջին դատական նիստի ընթացքում նստած էր ապակեպատ խցում՝ հիմնականում գլուխը կախ: Մեղադրյալը դահլիճի կողմ չէր շրջվում, դահլիճում աշխատող ֆոտոլրագրողներին բարդ էր որսալ պահը և լուսանկարել մեղադրյալի դեմքը:

permyakov

1soldiers

Ընդգծված հարգալից ոստիկանություն

Դեկտեմբերի 18-ին մեկնարկած դատավարության համար ռազմաբազայի մոտ ժամանող լրագրողների հետ ընդգծված հարգալից էին խոսում թե հայաստանցի ոստիկանները, թե ռազմաբազայի զինծառայողներն ու աշխատակիցները, թեև վերջիններս աշխատում էին հիմնականում աչքի չընկնել: Ոստիկանները պատրաստակամ էին օգնել ամեն հարցում: Դատական նիստերի դահլիճի մուտքից 20 մետր հեռավորության վրա վրան էր տեղադրված, որտեղ կարող էին աշխատել լրագրողները: Երևում էր՝ հատուկ աշխատանք է տարվել՝ որևէ խնդրից խուսափելու համար: Այնուամենայնիվ, հետագայում ռազմաբազայում դատական նիստի անցկացման հետ կապված բողոքներից խուսափել չհաջողվեց:

tent

Ոստիկանները լրագրողների մեքենաները կանգնեցնում էին բազայի հիմնական մուտքից մոտ 30 մետր հեռավորության վրա. նույն կերպ վարվեցին փաստաբանների մեքենաների հետ, սակայն մի քանի րոպե հեռախոսով վերադասների հետ բանակցելուց հետո փաստաբաններին թույլ տվեցին մեքենայով առաջ շարժվել: 

journalists

Պերմյակովը՝ սատանի՞ստ

Դատական նիստը մեկնարկից անմիջապես հետո ընդմիջվեց, քանի որ Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները մեքենաների կայանման խնդրի պատճառով մի փոքր ուշացան: Հենց փաստաբաններն էլ նիստի ամենաանակնկալ հայտարարությունն արեցին. Երեմ Սարգսյանը, մասնավորապես, հղում կատարելով նախաքննությանը, հայտարարեց, որ հետազոտվել է Պերմյակովի էջը «Օդնոկլասնիկի»  սոցիալական ցանցում և պարզ է դարձել, որ վերջինս սատանիստական խմբավորման մեջ է եղել: Նա մեջբերել է Պերմյակովի գրառումը. «Ես երդվում եմ և խոստանում եմ քո տնօրինությանը հանձնել մի քանի տղամարդկանց և կանանց, բացի այդ, ես հրաժարվում եմ Աստծուց, Սուրբ Երրորդությունից և մկրտությունից և երդվում եմ ծառայել ու ենթարկվել քեզ ընդմիշտ և հավիտյան»:

Սարգսյանն ասել է, որ այս հաղորդագրությունից հիմնավոր պատկերացում է ստեղծվում, որ Վալերի Պերմյակովը սատանիստ է: Սարգսյանի կարծիքը կիսել է Ավետիսյանների իրավահաջորդների մեկ այլ փաստաբան՝ Լուսինե Սահակյանը:

Ամեն դեպքում, Երեմ Սարգսյանը նաև ընդգծել է, որ երբ քննիչները հարցրել են Պերմյակովին՝ ինչու է այդպիսի գրառում արել, վերջինս պատասխանել է. «Ուղղակի [գրել եմ]»:

trial

Ինչ են մտածում Ավետիսյանների հարազատները

Ավետիսյանների հարազատները, սակայն, այլ խնդիր են բարձրացնում: Ընդիմջումներից մեկի ընթացքում հարազատներից Ռիմա Ավետիսյանը հայտարարել է, թե իրենք չեն հավատում, որ Պերմյակովը միայնակ է գործել:

«Ես դրա վիճակն ու դեմքը տեսնելով՝ չեմ էլ մտածում, որ կարող ա ինքը չլինի, բայց մենակ չի գործել, ինչ-որ մեկը դրդել է նրան այդ քայլին: Ես չեմ էլ հավատում, որ հիմա ասում են, թե գողության համար է մտել, որովհետև ինքը ուզենար գողություն անել, տան տիրոջը կսպառնար ու գումարը կվերցներ»,- ասել է Ռիմա Ավետիսյանը:

1relatives

Epress.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք տուժողների փաստաբանները քննարկում են Պերմյակովի ոչ միայնակ գործելու հավանականությունը, Երեմ Սարգսյանն ասել է, որ գործում այս պահին «նման փաստական տվյալ չկա»:

Նիստից հետո Սարգսյանը ևս մեկ անգամ անդրադարձել է Պերմյակովի սատանիստ լինելու թեմային:

«Իհարկե, մենք չենք վիճարկում այն հարցը, որ հանցագործության բուն դրդապատճառը եղել է ավազակային հանցագործություն անելը, իսկ այն, ինչ տեղի է ունեցել ներսում, նրա սատանիստական գաղափարների արդյունք է: Եթե նա չլիներ սատանիստ, գուցե, ներսում գործողություններն այլ կերպ զարգանային», – մեզ հետ զրույցում ասել է փաստաբանը:

Դատը չպետք է անցկացվի բազայի տարածքում

Որքան էլ դատական նիստի կազմակերպիչները փորձել էին պայմաններ ստեղծել դատավարության մասնակիցների համար, բողոքներ եղան, առաջին հերթին, Ավետիսյանների հարազատների կողմից:

«Ինչի՞ են ռազմաբազայում անցկացնում, ինչ ա՝ մենք դատարան չունե՞նք, որ դատարանում անենք: Կոստանյանը ու Սերժ Սարգսյանը խոսք էին տվել, որ դրան հանձնելու են մեզ ու մեր դատարանն ա գործով զբաղվելու, բա էլ ինչի՞ են բերել մեզ ռազմաբազա ու էն էլ էս պայմաններում: Ոնց որ մեզ ձեռ առնեն», – հարազատների կարծիքը լրագրողներին է փոխանցել նույն Ռիմա Ավետիսյանը:

Նիստերի դահլիճում բավարար տեղ չկար, սկզբում հարազատներից ոչ բոլորն էին կարողացել ներս մտնել: Նիստից հետո Լուսինե Սահակյանը նշել է, որ դատարանը պետք է ապահովի բոլոր հարմարությունները և պետք է լինի անկախ:

«Այստեղ մենք անկախություն չտեսանք, և կար ակնհայտ կաշկանդվածություն: Նախագահողը և պայմաններ թելադրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետության դատարանը», – ասել է  փաստաբանը:

Դեռ երեկ Epress.am-ի հետ զրույցում փաստաբան Հարություն Բաղդասարյանը նշել էր, որ Հայաստանի դատարանի արտագնա նիստը բազայում անցկացնելն օրենքի խախտում է:

Խնդրահարույց ռուս զինվորները

Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին դուր չեն եկել 2 ռուսաստանցի զինծառակողները, որոնք ողջ նիստի ընթացքում կանգնած էին Պերմյակովի ապակեպատ խցի մոտ: Նա միջնորդություն է ներկայացրել դատարանից հեռացնել նրանց՝ նշելով, որ այդ զինվորներն իրենց համազգեստով հոգեբանական ճնշում են գործադրում ներկաների վրա:

sakunts

1saqunts

Դատավոր Հարություն Մովսեսյանն այդ պահին ընդմիջում է հայտարարել, իսկ նիստը վերսկսելուց հետո մերժել է միջնորդությունը: Նա պատճառաբանել է, թե Պերմյակովն ավելի վաղ ռուսական դատարանի կողմից դատապարտվել էր ռազմակայանը լքելու համար, այժմ նա կալանավոր է, և նրա անվտանգությունը պահպահնում են ռուս զինվորները:

Պատասխանը չի բավարարել Սաքունցին, և վերջինս շարունակել է պահանջել, որ զինվորները հեռացվեն: Դատարանը, սակայն, անդրդվելի է մնացել: 

soldiers

Հանրային պաշտպանը պետք է ծանոթանա գործին 

Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը, որը Հանրային պաշտպանի գրասենյակի անդամ է, և գործում ներգրավվել է բոլորովին վերջերս, դատարանին միջնորդեց հետաձգել նիստը 30 օրով, որպեսզի ինքը հասցնի ծանոթանալ գործին:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներն այս միջնորդությանը չառարկեցին, սակայն նրանք դատական նիստի ընթացքի և անցկացման վայրի վերաբերյալ մի շարք միջնորդություններ ունեին, որոնք դատավորը թույլ չտվեց բարձրաձայնել: Նա պնդեց, որ դրանք կլսվեն մյուս դատական նիստի ընթացքում: Հաջորդ դատը նշանակվել է հունվարի 18-ին: 

relatives

reshetka

policeman

1permyakov