Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանը, հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, Շիրխանյանը ձերբակալվել է «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու» կասկածանքով։
Շիրխանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով (Հանցավոր համագործակցությանը մասնակցելը): Հոդվածով նախատեսվում է 6-ից 10 տարի ժամկետով ազատազրկում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ԱԱԾ֊ն հայտնել էր, որ բացահայտել է «կազմակերպված հանցավոր խմբակցություն», որի ղեկավարն է 34-ամյա Արթուր Վարդանյանը։ Պաշտոնական վարկածի համաձայն` խմբի անդամները հանցագործություններ էին պատրաստում «քաղաքական գործիչների, քաղաքացիների, պետության առանձին ճյուղերի դեմ»։
Լուսանկարը՝ Aravot.am