Home / Հայաստան / «ՀՀԿ֊ի օմբուդսմենի թեկնածուին կարելի է խոշտանգումների մասնագետ համարել» (թարմացված)

«ՀՀԿ֊ի օմբուդսմենի թեկնածուին կարելի է խոշտանգումների մասնագետ համարել» (թարմացված)

ՀՀԿ֊ի օմբուդսմենի թեկնածու, ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին կարելի է խոշտանգումների մասնագետ համարել։ Այսպիսի եզրակացության է եկել  ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին՝ անդրադառնալով Թաթոյանի գործունեությանը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո։

Գասպարին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հարցումը ՀՀ կառավարությանը, որն արվել է 2008 թվականին «Նուբարաշեն» ՔԿՀ֊ում պահվող Գասպարիի գործը ստանալուց հետո։ ՄԻԵԴ֊ը, մասնվորապես, պահանջում է ՀՀ կառավարության դիտարկումները՝ կապված Գասպարիի բողոքի հետ, որը վերաբերում է բանտում նրա նկատմամբ կիրառվող բռնությունների և բանտային խցի սանիտարահիգիենիկ պայմանների հետ։

Հայաստանի Հանրապետության կողմից ՄԻԵԴ֊ին պատասխանել է Եվրոպայի Խորհրդի և ՄԱԿ֊ի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեների հետ հարաբերություններում ՀՀ պատասխանատու ներկայացուցիչ Արման Թաթոյանը։ Վերջինս, մասնավորապես, նշել է, որ բողոքողն իրեն հասանելի ներպետական իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները չի սպառել։

Թաթոյանի խոսքերին հակառակ, Գասպարին նշում է, որ իրականում ինքն իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին բարձրաձայնել է Հայաստանի դատարանում։

«Հատկանշական է, որ երբ դատարանում ես ներկայացնում էի կալանավայրում իմ նկատմամբ կատարված բռնությունները՝ դատավորն ինձ պարբերաբար ընդհատում էր, ասելով՝ էդ ձեր մեմուառները ինձ չեն հետաքրքրում», – գրել է Գասպարին։

Epress.am֊ի հետ զրույցում ինժեներն ասել է, որ ինքն այն ժամանակ դիմել է նաև ՀՀ ՄԻ պաշտպանի գրասենյակ և ՔԿՀ֊ի վարչակազմին՝ բարձրաձայնելով խնդիրը, սակայն ապարդյուն։

Նշենք, որ Վարդգես Գասպարին ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո։ Պաշտոնական մեղադրանքի համաձայն, նա ոստիկանին դիմադրություն է ցույց տվել։ Բազմաթիվ միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպություններ, միջազգային կառույցներ Գասպարիին, ինչպես նաև մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորված 120֊ից ավել ընդդիմության կողմնակիցներին քաղբանտարկյալ են համարել՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները բանտարկվածների նկատմամբ քաղաքական հետապդնում են իրականացնում։

Բանտում անցկացրած ժամանակահատվածի մասին Գասպարին պատմում է՝ այստեղ

Հ․Գ․ Նյութը հրապարակելուց հետո երկու օր անց Epress.am֊ի հետ կապվել է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը՝ նշելով, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ապա նա Epress.am֊ի «Ֆեյսբուքի» էջում հետևյալ պարզաբանումը ներկայացրել․

«Ֆեյսբուքյան օգտատիրոջ ներկայացրած տեղեկությունները իրականության հետ որևէ առնչություն չունեն: Վ.Գասպարիի գործով դիրքոորոշումը ՄԻԵԴ է ուղարկվել 2012թ., ինչի մասին նշում է հենց ինքը Վ.Գասպարին: Արման Թաթոյանը փոխնախարար է նշանակվել 2013թ. նոյեմբերի 19-ին, ինչը երևում է հենց նրա կենսագրության մեջ նշված տվյալներից: Արման Թաթոյանը ՄԱԿ և ԵԽ Խոշտանգումների կոմիտեների հետ հարաբերությունների պատասխանատու է հենց փոխնախարար լինելու կարգավիճակի ուժով (այսինքն՝ 2013 թվականից) և այդ առումով նույնպես որևէ առնչություն չի ունեցել Վ.Գասպարիի գործի հետ»:

Tekali Taxi