Հայաստանում բազմաթիվ խաղողագործներ աշնանը հանձնել են մթերքը, սակայն դրա դիմաց գումար դեռ չեն ստացել։ Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում քննարկվող «Գործունեության իրականացման ծանուցման» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և «ՙՊետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս հարցը բարձրացրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին ժամանակներս ես եղել եմ բազմաթիվ համայնքներում և կարող եմ ասել, որ այնտեղ համատարած մի խնդիր կա, երբ խաղողագործները հանձնել են իրենց խաղողը, սակայն դրա դիմաց գումարները չեն կարողանում ստանալ: Գյուղացիները, հուսահատությունից դրդված, դուրս են գալիս բողոքի ու փողոցներն են փակում: Ես Գյուղատնտեսության նախարարությանը հարցում էի ուղարկել, թե ի վերջո ինչքա՞ն է կազմում չվճարված գումարի քանակը: Պարզվում է՝ ՀՀ մթերող ձեռնարկություններն ավելի քան 3.1 միլիարդ դրամի պարտք ունեն գյուղացիներին:
Այդ գումարի զգալի մասը գյուղացիները վերցրել են վարկով իրենց խաղողի այգիների մշակման համար․ վարկը խաղողի դիմաց ստացած գումարով պետք է փակեն։ Բա էդ գյուղացին, որը չի ստացել իր խաղողի դիմաց գումարը, ո՞նց է մարում վարկերը: Բնականաբար, մեկ այլ վարկ են վերցնում, որ հին վարկը փակեն ու արդյունքում ավելի մեծ պարտքի մեջ են ընկնում: Բայց սրան հակառակ, իրենց խաղողի դիմաց վճարվող գումարների չափը ուշացման համար չի ավելանում: Մենք գործ ունենք գյուղացիների շղթայական սննկացման խնդրի հետ», – ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավորը:
Փաշինյանը հավելել է, որ ԱԺ–ն՝ որպես օրենսդիր մարմին, իրավունք չունի անտարբեր լինել այդ հարցի հանդեպ. «Ստեղծված ծանր իրավիճակում պետությունը ոչ մի կերպ չի արձագանքում: Կարծում եմ, որ առաջին հերթին ԱԺ-ն պետք է քննարկի հարցը և լուծումներ գտնի: Ես կոչ եմ անում հարցը դնել օրակարգում և հստակ լուծումներ առաջարկել»: