Home / Հայաստան / Դատավորը չարաշահում է դիրքը, պնդում են Վարդգես Գասպարիի փաստաբանները

Դատավորը չարաշահում է դիրքը, պնդում են Վարդգես Գասպարիի փաստաբանները

Շենգավիթ համայնքի դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը չարաշահել է իր պաշտոնն ու այսօրվա դատական նիստին կրկին չի քննարկել ինժեներ, նախկին քաղբանտարկյալ, տարբեր ակցիաների մասնակից Վարդգես Գասպարիի պաշտպանների՝ ապացույցների  հետազոտման համար դատաքննությունը վերսկսելու միջնորդությունը։ Այս մասին այսօր դատարանում հայտարարել է Վարդգես Գասպարիի պաշտպաններից Լուսինե Հակոբյանը։

Նելլի Բաղդասարյանը առանց Վարդգես Գասպարիի և իր պաշտպանների ներկայության անցկացրել էր գործի քննության նյութերի հրապարակումը, այդ իսկ պատճառով Գասպարիի պաշտպաններն այսօրվա նիստին միջնորդություն են ներկայացրել, ըստ որի պահանջել են նորից անցկացնել գործի նյութերի քննության փուլը իրենց ներկայությամբ, սակայն դատավորը հրաժարվել է քննարկել այդ հարցը։

Չնայած նրան, որ փաստաբանները մի քանի անգամ ցանկացել են ներկայացնել իրենց միջնորդությունը՝ Նելլի Բաղդասարյանը ուշադրություն չի դարձրել նրանց հայտարարություններին և նշել է, որ դատաքննությունն արդեն ավարտվել է և  պաշտպանական կողմը պետք է հանդես գա պաշտպանական ճառով։

Փաստաբանները ճառին պատրաստվելու համար միջնորդել են իրենց տրամադրել 12 աշխատանքային օր, որպեսզի ողջամիտ ժամկետներում ծանոթանան դատախազի ելույթին և պատրաստեն իրենց ճառը, սակայն դատավորը նրանց միայն մեկ օր է տվել:

Փաստաբան Տիգրան Եգորյանը, իր հերթին, հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշել է, որ դատավորը խախտում է կատարել՝ նախորդ նիստին իր վստահորդ Վարդգես Գասպարիին բերման ենթարկելու որոշում կայացնելով, որովհետև վերջինս դեռ ծանուցված չի եղել նիստին մասնակցելու մասին, և դատավորը չէր կարող իմանալ, թե արդյոք վերջինս մասնակցելու է դատին, թե ոչ․«Սա ձեր հերթական կամայականությունն է, որով Դուք խախտել եք իմ վստահորդի իրավուքները։ Այդ որոշմամբ Դուք պետք է կրեք կարգապահական պատասխանատվություն, որը ևս մեր կողմից կլրացվի կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին մեր միջնորդության տեքստում»։

Լուսինե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դատավորը շարունակում է խախտել իրենց վստահորդի արդար դատաքննության իրավունքը․ «Դատավորը իրավունք չունի չքննել միջնորդությունը, նա պետք է քննի այն և կամ մերժի, կամ բավարարի, բայց դատավորը անհասկանալի գործողություններ է կատարում»:

Վարդգես Գասպարին, իր հերթին, նշել է, որ իրեն բերման ենթարկելու մասին չեն ծանուցել, և իր աշխատավայրից է տեղեկացել, որ ոստիկաններ են այցելել, երբ ինքն արդեն  դատարանի ճանապարհին է եղել։

Գործով դատական նիստը կշարունակվի մարտի 25-ին:

Նշենք, որ Գասպարին մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի, Սոնա Մելիքյանի և դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:

Tekali Taxi