Home / Հայաստան / Հիվանդ կալանավորը 2 շաբաթ հացադուլի մեջ է

Հիվանդ կալանավորը 2 շաբաթ հացադուլի մեջ է

Արդեն 2 շաբաթ հացադուլի մեջ գտնվող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդ կալանավոր Հրաչյա Գևորգյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է նրա փաստաբանը՝ Տիգրան Սաֆարյանը։

Վերջինիս խոսքով՝ ՄԻՊ-ի գրասենյակի ներկայացուցչի այցից հետո էլ, այնուամենայնիվ, Գևորգյանի վիճակի հետ կապված ոչ մի դրական տեղաշարժ չի եղել։ Փաստաբանը հավելել է, որ ոչ մի փոփոխություն չկա նաև կալանավորին ազատ արձակելու հետ կապված։

Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը տեղեկացրել էր, որ Գևորգյանի՝ Պարկինսոնի հիվանդությունը Կառավարության կողմից առանձնացրած հիվանդությունների ցանկում է, որի դեպքում կալանավորը ենթակա է ազատ արձակման։

«Ոչ մի բան չեն արել նաև այդ ուղղությամբ, չնայած այս հիվանդության մարդիկ չեն կարող կալանքի տակ լինել», – ասել է Սաֆարյանը։

Նշենք, որ Գևորգյանը տառապում է քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Սնվելիս և անձնական կարիքները հոգալիս նա օգտվում է այլ կալանավորների օգնությունից։

Նա ապրիլի 25-ից հացադուլ է հայտարարել՝ պնդելով, որ բանտի ադմինիստրացիան զրկում է իրեն պատշաճ բուժօգնությունից։

Գևորգյանի առողջական վիճակը վատացել է վերջին 2 տարիների ընթացքում, նա շարունակաբար պահանջել է իրեն քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել, ի նշան բողոքի մի քանի անգամ մեխ և ասեղ է կուլ տվել, որից հետո իր պահանջը կատարվել է։ Գևորգյանի գործով վճիռը կարդալու օրը մեղադրյալը դատարան էր եկել բենզինի տարայով,  ինքնահրզիկման փորձ էր արել, բայց իրավապահները տարան նրա ձեռքից վերցրել էին։ Դատավոր Մարինե Մելքոնյանը Գևորգյանին մեղավոր է ճանաչել գործով որպես տուժող անցնող Նաիրա Հարությունյանին պատանդ վերցնելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և շորթում կատարելու հոդվածներով և 8 տարվա ազատազրկման է դատապարտել։ Միևնույն ժամանակ, դատարանը Գևորգյանին անմեղ է ճանաչել Հարությունյանի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով։

Նա մեղադրանքներից և ոչ մեկը չի ընդունում։ Գևորգյանը պնդում է, որ գործն իր հետ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող Նաիրա Հարությունյանի սարքած դավադրությունն է։ Դատավարությունը 4 տարի է տևել, և այդ ընթացքում Գևորգյանը կալանքի տակ է եղել։ Գործը ձգձգվում էր դատախազի և դատավորի փոփոխության պատճառով։ Դատավարության ընթացքում Գևորգյանը պահանջել էր Մաշտոցի ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Արթուր Գևորգյանի դեմ քրգործ հարուցել՝ պնդելով, որ վերջինս սպառնացել է իրեն, սակայն Հատուկ քննչական ծառայությունում գործի հարուցում մերժվել է։

Լուսանկարում՝ Հրաչյա Գևորգյանը դատավճռի օրը

Tekali Taxi