Home / Հայաստան / Ազգային ժողովն ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը

Ազգային ժողովն ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը

94 կողմ, 18 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է Ընտրական օրենսգրքի նախագիծը։ Նախագծին դեմ են քվեարկել «Օրինաց երկիր», ՀԱԿ խմբակցությունները և Վարդան Օսկանյանի նոր՝ «Համախմբում» կուսակցությանը միացած ԲՀԿ պատգամավորները։ Ընտրական օրենսգրքի նախագիծը վերջնականապես պետք է ընդունվի մինչև հունիսի 1-ը: 

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» մարտի սկզբին ուսումնասիրել էր նախագիծն ու առանձնացրել «առավել հետաքրքիր» նորամուծությունները:

Այսպես, ըստ նախագծի, 41 ընտրատարածքների փոխարեն այժմ լինելու են 13 ընտրական տարածքներ՝ 4-ը Երևանում, 9-ը մարզերում: Բացի Երևանից,  նաև Գյումրիի և Վանաձորի ավագանիները ևս կընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ քաղաքապետերը կընտրվեն արդեն ավագանու կողմից: 

ԱԺ պատգամավորների նվազագույն թիվը սահմանվում է 101: Եթե ԱԺ քվեարկության արդյունքում որևէ կուսակցութունը ստացել է 53 մանդատ, ապա ԱԺ-ն համարվում է ընտրված և ունենում է 101 պատգամավոր:

Յուրաքանչյուր ընտրական տեղամասում միաժամանակ գտնվող տեղացի դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների ընդհանուր թիվը սահամանափակվել է 8-ով, իսկ ընտրողների գրանցումը կատարվելու է էլեկտրոնային համակարգի միջոցով, որով տեղամասում գտնվող հատուկ տեխնիկական մասնագետը գրանցելու է ընտրողներին: 

Ընտրողները կկարողանան գրանցվել թե սովորական անձնագրերով, թե բիոմետրիկ անձնագրերով և թե նույնականացման քարտերով: Համակարգը ճշտելու է, թե արդյո՞ք քաղաքացին ընդգրկված է ընտրողների ցուցակում և արդյո՞ք չի քվեարկել: Բացի այդ, եթե քաղաքացին քվեարկում է բիոմետրիկ անձնագրով կամ ID քարտով, ապա համակարգչի էկրանին կերևա ընտրողի նկարը: Եթե համակարգը ընտրողին ճանաչում է ու տալիս է քվեարկելու իրավունք, ապա ավտոմատ կերպով տպվում է մի թերթիկ, որը փոխանցվում է ընտրողներին գրանցող հանձնաժողովի անդամին։

Tekali Taxi