Home / Հայաստան / «Ես հայ նույնասեռական մարդ եմ»

«Ես հայ նույնասեռական մարդ եմ»

Ամերիկյան Օռլանդո քաղաքի «Պուլս» գեյ֊ակումբում տեղի ունեցած ողբերգությունից հետո Լոս Անջելեսում բնակվող հանրահայտ հայազգի բլոգեր Արմեն Մենեչյանը բացահայտել է իրեն՝ կարևորելով հայ նույնասեռական տղամարդ լինելու փաստը։

Ինչպես հայտնում է Out.com կայքը, Մենեչյանը, ով համացանցում հայտնի է իր «Pack Your Mat» յոգայի և ճանապարհորդությունների մասին բլոգով, իրենց հետ զրույցում ասել է, որ իր գրառման նպատակն էր «մարդկանց ստիպել կասկածի տակ առնել ու քննադատորեն դիտարկել թաքնված հոմոֆոբիան»:

Մենեչյանի գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «Ես ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր չունեն իրենց ինքնությունը բացահայտելու համար անհրաժեշտ աջակցությունը, սակայն ես չեմ պատրաստվում իմ հպարտությունը վերածել ամոթի: Ես չեմ պատրաստվում նորից թաքնվել: Ես հպարտորեն ասում եմ՝ ես հայ նույնասեռական մարդ եմ»:

Մենեչյանի պնդմամբ՝ թաքնված հոմոֆոբիան բավական տարածված է հայ համայնքներում, և նույնիսկ՝ հայ նույնասեռականների շրջանում. «Հոմոֆոբիան սոցիալ-տնտեսական առումով այնքան արմատացած է մեզանում, որ մենք պետք է միշտ գիտակից լինենք»:

Բլոգերն իր գրառման մեջ բացահայտորեն խոսում է անցյալում զգացած ուժեղ ամոթի մասին ու նշում, որ այն ամոթը, որը նույնասեռականների հանդեպ հասարակության բացասական վերաբերմունքի արդյունքն է, հնարավոր է՝ եղել է Օռլանդոյում սպանդն իրականացրած հանցագործի շարժառիթներից մեկը:

33-ամյա Մենեչյանն իր հրապարակումից հետո բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել հայ, ինչպես նաև իրանցի ու թուրք նույնասեռական տղամարդկանցից ու կանանցից, ովքեր իրենց շնորհակալությունն են հայտնել նրան «իրենց մտքերը խոսքերով արտահայտելու քաջությունն ունենալու համար», գրում է կայքը:

Tekali Taxi