հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Սոչիում մնացած հայաստանցի երեխաները վերջապես կարողացել են ուղևորվել Երևան

Սոչիում մնացած հայաստանցի երեխաները վերջապես կարողացել են ուղևորվել Երևան

«Հայ Արտ» պարային համույթի մասնակիցները, նրանց ծնողներն ու համույթի մանկավարժները, որոնք Վլադիկավկազ֊Լարս ավտոճանապարհի փակ լինելու պատճառով հունիսի 25֊ից չէին կարողանում Վրաստանի տարածքով Սոչիից Հայաստան ուղևորվել, հունիսի 28֊ի երեկոյան «Կոմետա» մոտորանավով Սոչիից մեկնել են Բաթումի, հայտնում է «Կավկազսկիյ ուզել» տեղեկատվական գործակալությունը։

Համույթի ավագ մանկավարժ Նարինե Թորգոմյանի խոսքով՝ ճանապարհածախսի գումարը հավաքել են երեխաների հարազատներն ու Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչները։ Նա հավելել է, որ իրենց «օգնում էին հասարակ մարդիկ, քանի որ գիտեին՝ երեխաները դժվար դրության մեջ էին հայտնվել ու նույնիսկ սնունդի գումար չունեին»։

Հավաքված գումարը, ըստ Թորգոմյանի, չէր բավականացնում ևս մեկ տոմսի համար, ուստի երեխաները որոշել էին գումարը հայթայթելու նպատակով երեկոյան համերգով հանդես գալ Սոչիի լողափերում։ Գումարի անհրաժեշտությունը, սակայն, չեղավ, քանի որ երեխաներից մեկի հայրը որոշեց ինքը Հայաստանից գալ դստեր հետևից, իսկ մինչ այդ երեխան մնալու է Սոչիում հարազատների տանը։

Կայքը հաղորդում է, որ համույթի ղեկավարն ու Սոչիի հայ համայնքի անդամներն օգնության համար դիմել էին Սոչիի Ադլերի շրջանի վարչակազմին, ինչպես նաև Կրասնոդարի՝ երեխաների իրավունքների հանձնակատարին։

Ըստ «Արմենպրես» գործակալության, Բաթումի ժամանելուց հետո երեխաներն ու նրանց ուղեկցողները Հայաստանի Տրանսպորտի ու կապի նախարարության հաշվին ավտոբուսով տեղափոխելու են Հայաստան։