Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի ծննդյան օրը սևազգեստ մայրերին արգելեցին մոտենալ նախագահականի դարպասին

Սերժ Սարգսյանի ծննդյան օրը սևազգեստ մայրերին արգելեցին մոտենալ նախագահականի դարպասին

ՀՀ նախագահի նստավայրի մոտ խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողների ակցիան այսօր հերթական անգամ վերաճեց ոստիկանների հետ վեճի։ Իրավապահները ակցիայի մասնակիցներին կրկին թույլ չեն տվել մոտենալ նախագահականի դարպասին, չնայած, օրինակ, նախորդ երկու դեպքերում ծնողներին թույլ էին տվել պաստառներով կանգնել դարպասների դիմաց։

Սևազգեստ մայրերն այսօրվա ակցիայի ընթացքում իրենց դժգոհությունն են արտահայտել ոստիկանների նման կամայական գործողությունների վերաբերյալ։

«Ես քաղաքացի եմ և ուզում եմ անցել այդ մայթով, միթե միայն նրա համար, որ ես սևազգեստ եմ, իրավունք չունեմ», – ասել է 2007 թվականին բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը (լուսանկարում)։

Ոստիկաններից մեկը պատճառաբանել է, թե ծնողները պատրաստվում են ակցիա անել նախագահականի դարպասների մոտ, դրա համար էլ նրանց արգելվում է անցնել այդտեղով։ Սարգսյանը հիշեցրել է, որ այս անգամ իր ձեռքին չկա ոչ մի պաստառ, իսկ նախորդ անգամ, երբ իրենք կրկին հավաքվել էին նախագահականի դարպասների մոտ, իրենց ձեռքերին են եղել մեծ պաստառներ՝ իրենց մահացած որդիների նկարներով։

«Այդ ժամանակ մի՞թե դուք չնկատեցիք, որ մենք պաստառներով եկել ենք ակցիա անցկացնելու և որևէ կերպ չխոչնդոտեցիք մեզ», – զայրացած ասել է Սարգսյանը։

Ոստիկաններից մեկի խոսքով՝ մայրերն իրենց այդ ժամանակ «հանգիստ են պահել», դրա համար էլ թույլ են տվել։

Նշենք, որ այդ ընթացում նախագահականի դարպասների դիմացով անարգել անցնում էին այլ քաղաքացիներ։ Սպանված զինվորների ծնողներին զայրացրել է նաև այդ փաստը։

Իրենց տեղաշարժվելու իրավունքը վերականգնելու համար Սարգսյանը զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Նախագահականի մոտ է ժամանել ՄԻՊ գրասենյակի Արագ արձագանքման խմբի ներկայացուցիչ Ռաֆայել Պողոսյանը։ Վերջինս խոսել է ոստիկանների հետ, սակայն, ինչպես նշել են ծնողները, Պողոսյանը «ոչ մի բանով չօգնեց, փաստորեն իրեն էլ պարզ չեղավ՝ ինչու մեզ չեն թողնում անցնել»։

«Դե, երևի, էսօր Սերժի ծնունդն է, դրա համար տենց արեցին», – ասել է 2010 թվականին խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը։

Վերջինս Epress.am-ի հետ զրույցում ասել է նաև, որ նախորդ անգամ, երբ հավաքվել էին նախագահականի դարպասների մոտ, իրենց էր մոտեցել քրեական գործերով դատահոգեբանական փորձաքննություններ իրականացնող հոգեբան Էլդա Գրինը։ Նա, լսելով մայրերի բողոքն այն մասին, որ իրենց որդիներին բանակում սպանել են, իսկ սպանության գործերը կոծկվել են, խոստացել էր մանրամասն ուսումնասիրել դրանք։ Գրինը մայրերին էր փոխանցել իր հեռախոսահամարը, և խնդրել, որ զանգահարեն իրեն։ Սակայն մինչև այսօր, ինչպես պնդում է սպանված զինվորի մայրը, Էլդա Գրինն իր հեռախոսազանգերին չի պատասխանում։

Tekali Taxi