Մինչև պաշտոնապես ձերբակալվելը՝ Գյումրու Ավագանու անդամ, Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը 14-15 ժամ անազատության մեջ է եղել և նրա նկատմամբ ոստիկանությունում նվաստացնող վերաբերմունք է դրսևորվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Բարսեղյանի շահերի պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Հայկուհի Հարությունյանը։
«Դա որևէ իրավական հիմքով արդարացման ենթակա չէ, ավելին՝ անձի նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է դրսևորվում, մասնավորապես, պարոն Բարսեղյանին ոչ հաց, ոչ ջուր, ոչ զուգարանից օգտվելու հնարավորություն, ոչ հանգստի հնարավորությոն չի ընձեռնվել։ Այնուհետև եղել է նաև պաշտպանության իրավունքի խախտում, որը դրսևորվեց, երբ մենք որևէ հնարավորություն չունեցանք առանձնազրույց ունենալ։ Պարոն Բարսեղյանի առողջական վիճակը վատացավ, ես ինքս շտապօգնություն կանչեցի, ոստիկանները որոշ ժամանակ բժիշկներին ներս չէին թողնում», ֊ ասել է Հայկուհի Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Բարսեղյանը բերման էր ենթարկվել հուլիսի 27-ին ժամը 03:30-ի սահմաններում, Երևանի Խորենացի փողոցում կայացած բազմամարդ հանրահավաքից հետո, որի ընթացքում նա ևս ելույթ էր ունեցել։ Ի տարբերություն այդ օրը բերման ենթարկված այլ 63 քաղաքացիների՝ Բարսեղյանը մի քանի ժամվա ընթացքում ազատ չէր արձակվել։ Բարսեղյանից լուր չունենալով՝ իրավապաշտպանները մտահոգություն էին հայտնել, թե անհայտ է՝ որտեղ է Բարսեղյանը։ Այս հայտարարությունից հետո Քննչական կոմիտեն տեղեկություն էր տարածել, թե Բարսեղյանի մոտ հայտնաբերվել է ապօրինի սառը զենք։ Հետագայում փորձաքննությունը պարզել էր, որ Բարսեղյանի մոտ եղծ ծալովի փոքր դանակը սառը զենք չէ և Գյումրու ավագանու անդամն ազատ էր արձակվել:
Լևոն Բարսեղյանը ասուլիսի ժամանակ ասել է, որ իր ծալովի դանակը միշտ եղել է իր գրպանում․ մի քանի անգամ ձերբակալվել է՝ այդ դանակը գրպանում, սակայն դա երբեք չի օգտագործվել իր դեմ քրեական գործ հարուցելու համար։
«Երբ մեզ մտցնում էին բեռնատար մեքենան, ասացին՝ առաջին նստատեղի վրա լցրեք ձեր գրպանների պարունակությունը։ Հանեցինք՝ լցրեցինք։ Լցրեցինք մեզ խցերը, բացարձակ մութ է։ Ճաղերով վանդակը փակեցին, ոստիկանը մնաց մեր իրերի հետ։ Մեկ էլ մեկի հեռախոսը զնգաց, մի մարդ ասաց միլիցուն՝ տղա ջան, երևի երեխեքս են, հեռախոսը միացրու մոտեցրու, ասեմ՝ չանհանգստանան։ Ասաց՝ արա ձենդ կտրի, որ եկա, ոռիդ վրա մուկ եմ նկարելու։ Մեկն էլ խմած էր, ասաց՝ վարչապետդ գիտի, թե դու ինչ նկարչությամբ ես զբաղվում վաբշե», ֊ իրեն բերման ենթարկելու մասին պատմել է Բարսեղյանը։