Գլխավոր / Տեսանյութեր / «Շարժառիթը հայտնի չէ». Պերմյակովը հրաժարվեց վերջին խոսքից

«Շարժառիթը հայտնի չէ». Պերմյակովը հրաժարվեց վերջին խոսքից

Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի տարածքում այսօր ավարտվել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննությունը: Գործով միակ մեղադրյալն է ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը:

Այսօր ճառերով հանդես են եկել տուժողներից Արաքսյա Ավետիսյանի և նրա մանկահասակ երկու երեխաների՝ Հասմիկ Ավետիսյանի և Սերյոժա Ավետիսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը և Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը: Մյուս բոլոր իրավահաջորդների ներկայացուցիչները ներկա չէին նիստին:

Սաքունցն իր ճառում ասել է, որ քննությունը թերի է եղել և չի բացահայտել, մասնավորապես, սպանության շարժառիթները, հարևանների կողմից կրակոցների ձայներ չլսելը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ քննությունը չի պարզել, թե ինչու են ՀՀ իրավապահ մարմիններին միայն 4 ժամ անց տեղյակ պահել այն մասին, որ Պերմյակովը փախել է ռազմաբազայից, ինչպես նաև չի ուսումնասիրվել Պերմյակովի՝ «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի անձնական էջի նամակագրությունը, որտեղ նա և ինչ-որ անձինք գրում են գումարներ փոխանցելու մասին:

Արդյունքում, ըստ Սաքունցի, հայ-ռուսական քննչական խումբը չի բացահայտել Ավետիսյանների ընտանիքի սպանությունը:

Պերմյակովի պաշտպան էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ մեղադրյալը ընդունում է իր դեմ առաջադրված բոլորը մեղադրանքները, բացի մեկից, այն է՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձը: Աղաջանյանի ճառի համաձայն, Պերմյակովն ասել է, որ ուզում էր գնալ «մերոնց մոտ» (к своим), բացի դա, հայ-թուրքական սահմանը շատ լավ է հսկվում՝ սկսած խորհրդային տարիներից, ուստի բացառվում է, որ Պերմյակովը ցանկանում էր հատել այն: 

Աղաջանյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Պերմյակովին քննության ընթացքում չեն տարել հանցագործության վայր՝ հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող Բայանդուր ուղեկալի մոտ, որտեղից նա, ըստ մեղադրանքի, ցանկանում էր հատել սահմանը: Պաշտպանն իր խոսքում գրեթե չի անդրադարձել Ավետիսյանների ընտանիքի սպանությանը:

Նշենք, որ քննիչները Պերմյակովին նաև հիմնական հանցագործության վայրը չեն տարել՝ Ավետիսյանների տուն:

Նիստի վերջում Վալերի Պերմյակովը հրաժարվել է վերջին խոսքից:   

Դատավոր Հարություն Մովսեսյանը հայտարարել է, որ  դատավճիռը կհրապարակի օգոստոսի 23-ին:

Tekali Taxi