Գլխավոր / Հայաստան / Ո՞ւմ են պետք փախստականները

Ո՞ւմ են պետք փախստականները

Epress.am-ի թղթակիցն Աբովյան քաղաքում գտնվող հանրակացարանի բնակիչ Ստելլա Հարությունյանի հետ զրուցել է այն խնդիրների մասին, որոնց արդեն երրորդ տասնամյակն է՝ Հայաստանում բախվում են Ադրբեջանից փախստականները։

Զրույցի ընթացքում հիշատակվում են ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի նախկին տեղակալի Արտաշես Բախշյանը (պաշտոնից ազատվել է 2016 թվականի հուլիսին) և «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի ղեկավար Մուրադ Մեժլումյանը, որոնք երկար տարիներ շարունակ տնօրինել ու տնօրինում են փախստականներին օգնություն տրամադրելու համար նախատեսված ռեսուրսները։ Հարությունյանը նաև խոսում է միջազգային կազմակերպությունների ու տեղական Հ/Կ֊ների, մասնավորապես, ՄԱԿ֊ի հայաստանյան գրասենյակի, Կարմիր խաչի և «Փախստականներ․ միջազգային իրավունք» կազմակերպության կոռումպացված լինելու մասին։

«Տրվել է փախստականներին՝ երկրի սահմաններից դուրս ազատ տեղաշարժի նպատակով»։ Ընդգծում եմ՝ երկրի սահմաններից դուրս։ Հասկանո՞ւմ եք։ Ինչո՞ւ ես չեմ կարողանում դուրս գալ Հայաստանից։ Քանի որ բոլոր դեսպանատներում կա Հայաստանի կառավարության, նախագահի՝ Ադրբեջանից փախստականներին երկրից դուրս չթողնելու հրահանգ, ու նրանք գործում են ոչ թե ՄԱԿ֊ի կոնվենցիայի համաձայն, այլ՝ կառավարության տվյալ հրահանգի՝ Ադրբեջանից փախստականների՝ երկրից դուրս գալու արգելք։

Այո, նման արգելք կա, ու հիմա կասեմ ձեզ՝ ինչու եմ այդպես վստահ։ Առնվազն հինգ անգամ այցելել եմ Հայաստանում գտնվող բոլոր դեսպանություններն ու հյուպատոսությունները։ Չասեմ՝ որ դեսպանությունների աշխատակիցներն ինձ վերջապես ասացին՝ «այստեղ֊այնտեղ մի վազվզի, այդ փաստաթղթի վրա կա արգելք, ու ոչ ոք քեզ երբևէ վիզա չի տա։ Եթե ուզում ես դուրս գալ Հայաստանից, ապա միայն ապօրինի կերպով»։

Էն տղաների պես, որոնց հետագայում դասալիքներ ու լրտեսներ կոչեցին։ Նրանք լրտեսներ չեն, ես նրանց շատ լավ եմ ճանաչում։ Երկու երիտասարդներ, որոնք նման ճանապարհով փախան ու գերի ընկան ադրբեջանցիների մոտ։ Բայց նրանց հետո անվանեցին դասալիքներ։ Նրանց լավ եմ ճանաչում, սակայն, ու նրանք դասալիքներ չեն։ Երկու երիտասարդներ՝ Ապրեսյան ու Ռոման Տերյան․ նրանք նույնպես ցանկանում էին դուրս գալ Հայաստանից, բայց քանի որ նրանց իրավունքներն այստեղ այդքան․․․ Գիտե՞ք մեզ ինչ են ասում՝ «ոչ, ձեզ չի թույլատրվում․ ձեզ կարգավիճակ տրվել է Հայաստանի կողմից, ու Հայաստանից դուրս գալու իրավունք չունեք»։

Հարցրեցիք, թե ինչո՞ւ են պահում։ Որովհետև մենք եկամտի աղբյուր ենք։ Տեսեք՝ Հայաստանում քանի կազմակերպություններ են բացվել, որոնք դիմում են պետություններին, միջազգային կազմակերպություններին ու պահաջում, թե բա «մենք փախստականներ ունենք, կան խնդիրներ, նրանց տուն է պետք»։ Որևէ մեկը զբաղվե՞լ է դրանով, ո՞ւր են գնում այդ միջոցները։ Այդքան ֆինանսներ են ստացվել փախստականների համար բնակատեղերի կառուցման նպատակով։ Որտե՞ղ են այդ բնակատեղերը։

Փախստականի ադապտացման համար պետք է պայմաններ ստեղծել, հասկանո՞ւմ եք։ Մեր բնակպայմանները սարսափելի են։ Եթե ցանկանանք պաշտպանել որևէ իրավունք՝ դիմելով կազմակերպություններին կամ պետական կառույցներին․․․ դարսերով փաստաթղթեր ունեմ, ու դրանց մեջ որևէ տեղ «այո» բառը, դրական պատասխան չեք գտնի։ Կապ չունի՝ ինչ հարցով կդիմեմ․․․ Ու ոչ միայն ես․ ես իրավասու եմ խոսել փախստականների առնվազն 60 տոկոսի անունից, քանի որ ես նրանց հետ շփվում եմ, իրենց հետ ապրում եմ։

Միգրացիոն գործակալությունում աշխատակիցներից մեկն ինձ ասաց․ «Վերջ, բոլոր փախստականներն արդեն հանդարտվել են․ մնացել են միայն երեքը՝ դու, քո ազգականուհին ու ևս մի տղամարդ»։ Դե իմ բարեկամին գիտեմ, իսկ ահա այդ տղամարդուն չեմ ճանաչում։ Ասում են, երեքս ենք մնացել։ Իսկ ինչպե՞ս են այս երեքիս դեմ պայքարում․ ոստիկանությանն են գործի դնում արդեն, ահաբեկում են։

Իմ տունն իմ ամրոցն է. այդպես են չէ՞ ասում։ Այդ ամրոցը մենք չունեինք։ Չեք հավատա, բայց նույնիսկ Բաքվում այդչափ չէինք վախենում։ Ինչ ասես՝ չենք սպասում։ [Ազգականուհիս] անընդհատ ասում էր՝ «նայի՛ր դիտանցքից, նայի՛ր»։ Ասում էի, որ պետք է տեսախցիկ դնել։ Հանգիստ չէինք քնում։

Քանի տարի է Հայաստանում ենք ապրում, ու հայերին արդեն նույնքան լավ եմ ճանաչում, որքան ադրբեջանցիներին։ Ուզում եք նեղվեք, ուզում եք՝ ոչ։ Էդ ձեր Մեժլումյանին, Եգանյանին արդեն այնքան լավ եմ ճանաչում․ նրանք ամենա, ոնց ասեմ․․․ Մեզ մոտ մի կին է ապրում, նրանց ճիշտ անուն է տվել․ նախարարությունում, երբ Մեժլումյանն ու Բախշյանն անցնելիս են եղել, նա նրանց հետևից ասել է՝ «բանդա, բանդա»։ Այլ կերպ չես անվանի․ դա Ադրբեջանից Հայաստան եկած փախստականների՝ հատկապես կանանց դեմ Հայաստանում գործող ամենաիսկական, անպատիժ բանդան է՝ Մեժլումյանը, Բախշյանը ու Գագիկ Եգանյանը։ Եթե նրանցով զբաղվեն, եթե անկախ հետաքննություն անցկացնեն, թե քանի տուն են նրանք վաճառել, ինչպես են խլում, վաճառում, ինչ ճանապարհով են խլում․․․ Դրանք փաստեր են, ու եթե այդ փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացվի, դա շոկ կլինի։

Փախստականներին տուն է հասնում, իսկ նրանք այդ տունը վաճառում են։ Իսկ եթե փախստականն այդ տանն արդեն ապրում է, բայց ինչ֊որ մեկն այդ տան վրա աչք ունի, [փախստականին] գժանոց կտանեն։

Գիտե՞ք՝ տղաներն ինչ են ասում, Ղարաբաղում ապրող մեր բարեկամները․․․ Ասում են՝ «դե որ ձեր դեմ էդտեղ տղամարդիկ են պայքարում, մենք սահման չենք գնա, մենք կգնանք Ռուսաստան, իսկ ձեր դեմ պայքարող էդ տղամարդիկ թող գան ու սահմանը պաշտպանեն»։ Կարո՞ղ ա սխալ են ասում։

Երբեմն լրագրողները հարցնում են՝ «իսկ ինչո՞ւ հայերեն չես խոսում», օրինակ, կամ՝ «խի՞ չես քաղաքացիություն ստանում»։ Ես էլ հարց ունեմ լրագրողին․ իսկ եթե դու այսպես ապրեիր, դու հայերեն կխոսեի՞ր, կընդունեի՞ր մի երկրի քաղաքացիություն, որտեղ քեզ օգտագործում են, որտեղ շահույթի աղբյուր ես, որտեղ նույնիսկ լվացվելու, լվացք անելու տեղ չունես, չունես խոհանոց, որտեղ պաշտպանված չես, ենթարկվում ես հարձակումների, որտեղ քեզ վախեցնում են ոստիկանությամբ, վրադ գործեր են սարքում և ոչ ոքի կողմից աջակցություն չես ստանում։ Տեղացիներն ասուն՝ «խի՞ պիտի փախստականի օգտին հանդես գամ, ավելի լավ ա նրանց հետ կոնտակտ գտնեմ, մեկ էլ տեսար՝ Եգանյանն ինձ սենյակ տվեց»։ Չի տա Եգանյանը քեզ ոչ մի բան, հենա կվաճառի։

Նույնիսկ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները հարկ չեն համարում բարձրացնել փախստականների հարցը։ Պրեստիժ չի։ Հիշում են, որ կա հուշարձանների մասին կոնվենցիա, կենդանիների մասին։ Բայց երբեք չեն հիշում, որ կա կոնվենցիա փախստականների մասին: Ոչ մի պատգամավոր այդ հարցը չի բարձրացնում։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև այդ պատգամավորն այլևս չի ընկալվի որպես նորմալ մարդ կամ նորմալ քաղաքական գործիչ։ Ինչ փախստական, ինչ բան․․․

Գիտե՞ք՝ Հայաստանին որքան գումարներ են հատկացվել բնակարանների կառուցման, փախստականներին օգնելու նպատակով։ Կարմիր խաչը, օրինակ, վերջին տարիներին 5 միլիոն տրամադրեց հանրակացարանի վերանորոգման համար։ Համենայն դեպս, այդպես են ասում։ Ինչի՞ վրա է այդ 5 միլիոնը ծախսվել, մի լվացքի մեքենայի՞։ Ճոխ-ճոխ էլ բացում էին կազմակերպել։ (Հանրակացարանի առաջին հարկում փակ դռնով մի վերանորոգված սենյակ կա, ոտեղ տեղադրված է հիշատակված լվացքի մեքենան — խմբ․)։

Հայաստանում ՄԱԿ֊ի գրասենյակը կոռումպացված կազմակերպություն է։ Որպես փախստական հաստատում եմ՝ դա այդպես է։ Եթե կոռումպացված չլիներ, այսօր նման իրավիճակ չէր տիրի։ Մի՞թե ՄԱԿ֊ը չի վերահսկում իրավիճակը, չի՞ տեսնում՝ մարդիկ ինչ պայմաններում են ապրում։ Աշխարհի ո՞ր երկրում եք տեսել, որ փախստականը նպաստ չստանա։ Անցած տարի՝ հունիսի 20֊ին, փախստականների միջազգային օրվան նվիրված «Ազդարար» հեռուստահաղորդման ժամանակ լրագրողը հարցրեց «Առաքելություն Հայաստան»֊ին (ընդ որում, այդտեղ մի փախստական էլ էր կանգնած)․ «Իսկ փախստականները որևէ նպաստ ստանո՞ւմ են»։ (ամեն տեղ՝ Ամերիկայում, Եվրոպայում ստանում են)։ Պատասխանում է․ «Հա, նպաստի չափով ստանում են»։ Ստո՛ւմ է։

Մենք օտար ենք։ Հայ ենք, չէ՞, տեղացիներն էլ, մենք էլ․ բայց օտար ենք, երկու բոլորովին տարբեր ժողովուրդներ ենք։ Անկեղծ եմ ասում։

Մենք տարբեր ենք․ այստեղ շատ են ստում, երբեք որևէ տեղացու չեմ վստահի։ Տեղի հայերը շատ տարօրինակ են․․․ Սիրիայի հայերի մասին նույնը չէի ասի։ Բիզնես և դիմահարդարման դասընթացների եմ գնացել, որտեղ եղել են հայեր և՛ Իրաքից, և՛ Սիրիայից, և ահա նրանց հետ շատ մտերիմ էինք, իսկ տեղացիների հետ այդքան էլ չէ։ Սիրիացիները նույնպես շատ ազնիվ մարդիկ են, ու հայերի հետ ապրել չեն կարողանա։ Դառը ճշմարտությունն ավելի լավ է։ Ուզո՞ւմ եք ճշմարտությունը լսել․ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Սիրիայի հայերն այստեղ երբեք չեն ապրի, քանի որ Հայաստանում մարդիկ շատ ավելի դաժան են։ Եթե ադրբեջանցու ասեմ՝ խնդիր ունեմ, կպատասխանի՝ «ինչո՞վ կարող եմ օգնել» ու կօգնի։ Եթե հայաստանցու ասեմ, որ խնդիրներ ունեմ, նա կօգտվի առիթից ու ինձ կոտնահարի։

Ասում են՝ «աստված, աստված․․․մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեություն․․․ Նոյյան տապան»․․․ Ո՞վ կարող է առարկել։ Ոչ ոք։ Բայց ձեզնից ի՞նչ հավատացյալ, երբ ձեր ապրելակերպն ու ձեր գործողություններն այդ կրոնի բացարձակ հակապատկերն են։ Չեք հավատա ինձ, բայց իսկապես այդպես է, ու ոչ թե 99, այլ 99,9 տոկոսը։

Ես, անձամբ, կտրականապես դեմ եմ Հայաստանում ռուսական քաղաքականությանը։ Ճիշտ էր ասում մի ադրբեջանցի․ եթե Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը միասին լինեին, եթե էս բաները չլինեին․․․ դե հասկանալի է՝ տարացքային խնդիրներ կան․․․ Բայց գիտե՞ք, ոչ մի տարածք արժանի չէ, որպեսզի այդքան մարդ զոհվի, երիտասարդ տղաներ․․․ Ինչ վերաբերում է տարածքներին, Ղարաբաղը ոչ ոք երբեք հայերից չէր խլի, Ղարաբաղը ոնց կար, այդպես էլ կմնար հայերով բնակեցված։ Երբևէ եղե՞լ եք Ղարաբաղում։ Երբ ես առաջին անգամ եղա Ղաբաղում՝ 12 տարեկան էի, մայրիկիս հարցնում էի․ «Մամ, էս որտե՞ղ ենք»։ Ասում է․ «Ինչպե՞ս թե որտեղ՝ Ղարաբաղում»։ Իսկ ես, թե՝ «բայց այստեղ ամեն ինչ հայերենով է գրված։ Մենք Հայաստանո՞ւմ ենք, ինչ է»։ 12 տարեկան երեխա էի։ Մայրս բացատրեց, որ Ղարաբաղը հայերինն է, որ այնտեղ հայեր են ապրում, որ խոսքն ու գիրը և ամեն֊ամեն ինչ հայկական է։ Ու դա միշտ էլ այդպես է եղել։

Իսկ ինչ վերաբերում է ներկայիս իրավիճակին, Հայաստանի նախագահը, իհարկե, ինձ ձեռք չի տալիս։ Նա ավելի շատ իր սեփական, իր ընտանիքի շահի մասին է մտածում, քան՝ զինվորների, ժողովրդի։

Ստացվում է, որ տասը ընտանիքներ խժռել են ամեն ինչ, թալանել են երկիրը, վաճառել, վերավաճառել ամեն֊ամենը, և իրենք լրտեսներ չեն, իսկ այն փախստական տղաները ուղղակի ցանկանում էին օրինական կերպով դուրս գալ երկրից․․․ որովհետև, գիտե՞ք ինչ, այս աղքատությունը մարդուց խլած տարիներ են։ Կյանքը կարող էր այլ կերպ դասավորվեր։ Պատկերացրեք, երիտասարդ տղա է, ուզում է ընտանիք կազմել, սեփական անկյունն ունենալ, բայց այստեղ դա չէր ստացվում։ Տղաները պարզապես ցանկանում էին դուրս գալ, միայն այդքանը։

Նրանք գերի ընկան ադրբեջանցիների մոտ, հետո մի ադրբեջանցի ֆիլմ նկարահանեց․․․ Նրանք լրտեսներ չեն․ ես փախստական եմ ու նրանց լավ եմ ճանաչում։ Նրանք էլ էին ՄԱԿ֊ի շենքի դիմաց բողոքի ցույցեր անում, նրանց դեմ էլ էին արցունքաբեր գազ, ջրցան, ես իմ ինչեր կիրառում․․․ ՄԱԿ֊ի շենքի մոտ։ Հենց այս տղաներին են այսօր Հայաստանում լրտես անվանում։ 2000 թվին են փախել ու գերի ընկել։ Հետագայում, երբ պատմեցին, որ ցանկանում էին հեռանալ Հայաստանից դժվար պայմանների պատճառով, Կարմիր խաչի միջոցով նրանց ուղարկեցին, եթե չեմ սխալվում, Նոր Զելանդիա։ Չէ, հաստատ, այժմ նրանք այնտեղ են ապրում։ Սկայպով կապ ենք պահպանում։

Երբ արդեն փախնում էինք Ադրբեջանից․․․ Ես դեռ աշխատում էի․ 90 թիվն էր՝ հունվար, բոլորը փախչում էին, կոտորած էր, իսկ ես դեռ աշխատում էի․․․ Եվ ահա մի տղա՝ փախստական Հայաստանից, որն այնտեղ փոստատարի աշխատանքի էր ընդունվել, ինձ հարցնում է․ «Ստելլա, իսկ ձեր ընտանիքն ո՞ւր է ուզում գնալ»։ Վատով չէր հարցնում։ Ասում եմ, որ դեռ չգիտենք, հավանաբար՝ Հայաստան։ Պատասխանում է․ «Ուր ուզում ես գնա, բայց ոչ Հայաստան»։ Դա ինձ համար իսկապես վիրավորական էր, Հայաստանի մասին դեռ այդքան բան չգիտեի․ հարցնում եմ՝ ինչու։ Ասում է․ «Դուք նրանց հետ ապրել չեք կարողանա»։ Ճակատագրական խոսքեր էին․ այլ կերպ չեմ կարող ասել։ Ինձ մոտ մշտապես այնպիսի զգացողություն է, սպասում եմ, որ ցանկացած պահի մեզ կարող է կրկին ինչ֊որ բան պատահել, կրկին ոստիկանությունը կարող է գալ ու ծաղրական կերպով ֊ ինչեր ասես, որ մեզ չեն անվանում, պարզապես չեմ ցանկանում լեզուս կեղտոտել ֊ գրել կտա, որ ոչինչ էլ չի եղել։ Մինչև ե՞րբ սա դեռ պետք է կարունակվի։

Ինչո՞ւ է Հայաստանում իրավիաճակն ավելի վատը։ Չեմ ցանկանում բացեիբաց խոսել այդ մասին․ երբեմն պետք է գաղտնիքները չբացահայտել։ Եթե հիմա տեսախցիկը անջատեք, կարող եմ ասել՝ ինչպես մեկ վայրկյանում գնել Հայաստանը՝ առանց որևէ զոհերի։ Պետք չէ Ադրբեջանին ինչ֊որ բաներ ասել․ ես թշնամի չեմ։ Լավ, նկարեք, հիմա բաց կասեմ․ չնայած նրան, որ ես Հայաստանն այժմ չեմ սիրում ֊ այո չեմ սիրում, քանի որ նման իրավիճակում եմ ֊ բայց, միևնույն է, Հայաստանը երբեք չէի ծախի։

Իսկ էն, որ ասում եք՝ «Ռուսաստան, Ռուսաստան»․․․ Գիտե՞ք ինչ, եթե ես հիմա այստեղ ամեն ինչ առնեմ, դա կդառնա իմ սեփականությունը, ու ես ձեզ հետ պատերազմելու կարիք չեն ունենա։ Դու իմ սեփականության տերը չես, չէ՞։ Ինչո՞ւ պիտի կռվեմ, փոխեր ծախսեմ զենքի վրա, զոհեր տամ․․․ Դա ամենասարսափելին է, ինչպիսի ցավ մոր համար, ու ոչ միայն մոր․․․ Ինքս ապրիլյան դեպքերին հետևելիս գժվում էի էի՝ ախր հանուն ինչի՞, անհասկանալի է։ Ասում էին՝ «հանուն հայրենիքի՜»․․․

֊ Հանուն Եգանյանի․․․

֊ Այդպես էլ կա, ու դա ծիծաղելի չէ։ Հանուն Եգանյանի հյուրանոցի․․․ Նրա որդին, փախստական չլինելով, Կիպրոսում փախստականի անվան տակ անվճար կրթություն է ստացել։ Նրանց երեխաներն արտասահմանում անվճար ապրում են որպես փախստականներ։ Հասկանո՞ւմ եք։ Դուք շատ բան չգիտեք․․․ Չգիտեք՝ ինչպես էր այդ «Փախստականներ՝ միջազգային իրավունք» կազմակերպությունը սոված փախստականներից 100 դոլարով նրանց ծննդյան վկայականներն էին առնում, ու հայաստանցիներն այդ վկայականներով ու իրենց հայաստանյան անձնագրով մեկնում էին արտասահման, այնտեղ անձնագրերը աղբը նետում ու այդ վկայականների միջոցով հանգիստ ապրում որպես փախստականներ։

Ո՞ր մի մայրը արդեն կթողնի՝ իր որդին գնա ու պատերազմի ինչ֊որ մեկի կազինոյի կամ հյուրանոցի համար։ Թող նրա՝ կերած֊խմած, շվայտ կյանք վարած որդին զենք վերցնի ու պաշտպանի իր ունեցվածքը։

Միայն ընտրությունների ու պատերազմի ժամանակ են հիշում, որ ժողովուրդը պետք է միասնական լինի, իսկ երբ ամեն ինչ լավ է, միայն իրենք են ուտում֊խմում։ Հասկանո՞ւմ եք, թե ոչ»։