Home / Հայաստան / Ծաղկահովիտի հին նոր գյուղապետը պնդում է՝ կյանքը կարող է տալ Արայիկ Խանդոյանի համար

Ծաղկահովիտի հին նոր գյուղապետը պնդում է՝ կյանքը կարող է տալ Արայիկ Խանդոյանի համար

Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչները գյուղապետ էին ընտրում․ թեկնածուներից երկուսը գյուղում էին, մեկը՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ, ղարաբաղյան պատերազմի վետերան Արայիկ Խանդոյանը, բանտում։ Պաշտոնական տվյալների համաձայն, Խանդոյանը չհաղթեց, անհաջողության մատնվեց նաև գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը։ Ծաղկահովիտում քվեարկության ընթացքին հետևել է Epress.am֊ի թղթակից Սաթենիկ Հովսեփյանը։

Պաշտոնական տվյալներով 1700 բնակիչ ունեցող Ծաղկահովիտ համայնքի բնակիչներն առավոտից շատ ակտիվ էին։ Արդեն օրվա կեսին ընտրելու իրավունք ունեցողների մեծ մասն այցելել էր գյուղի դպրոցում գտնվող միակ ընտրատեղամաս։

4tsaghkahovit

Գյուղ մտնելուց հետո առաջին իսկ պահերից տպավորություն ստեղծվեց, որ ընտրապայքարի ֆավորիտը հենց Խանդոյանն է։ Նրա նկարով պաստառները փակցված էին ծաղկահովիտցիների մեքենաների վրա, իսկ փողոցներում մարդկանցից շատերը՝ անգամ երեխաները, Խանդոյանի նկարով շապիկներ էին հագել։

1tsakhkahovit

Ընտրությունների պաշտոնական տվյալները, սակայն, այդ տպավորությունը չհաստատեցին. 364 ձայնով նոր գյուղապետ ընտրվեց նախկինում այդ պաշտոնը զբաղեցրած 60-ամյա անկուսակցական Նորաին Հակոբյանը: ՀՀԿ-ական թեկնածուն հավաքեց 311 ձայն, իսկ Արայիկ Խանդոյանը՝ 257:

3tsaghkahovit

Օրվա ընթացքում ընտրատեղամասում պարբերաբար կուտակումներ էին գրանցվում։ Այն սենյակի դռան դիմաց, որտեղ քվեարկում էին մարդիկ, կեսօրից երկար հերթ էր գոյացել։ Լրագրողների հարցին՝ ինչու վերահսկող ոստիկանը չի հեռացնում տարածքից չընտրող մարդկանց, վերջինս պատասխանել է, թե տեղամասում բոլոր գտնվողներն ընտրողներ են։ Այնուամենայնիվ, մի քանի ժամ տեղամասում անցկացնելով՝ նկատեցի, որ սենյակում գտնվողներից մի քանիսը շատ երկար ժամանակ են այնտեղ և պարբերաբար ներս ու դուրս անում։

6tsaghkahovit

Բազմաթիվ մարդիկ ուղեկցողների հետ էին մտնում ընտրատեղամաս։ Պատճառաբանությունները տարբեր էին․ մեծահասակների պարագայում ուղեկցողներն ասում էին, թե նրանք տեսողության հետ կապված խնդիրներ ունեն, իսկ մի երիտասարդ տղայի ուղեկցողն էլ ասաց, որ նա գրել և կարդալ չգիտի։ Ուղեկցողներով ընտրողների թիվը մոտ 50 էր։

Ծաղկահովիտի ընտրությունների ընթացքում միջադեպից չհաջողվեց խուսափել։ ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանի վստահված անձ ներկայացած Կարեն Տոնոյանը, որը ծաղկահովիտցի չէր, մոտեցավ Արայիկ Խանդոյանի կնոջը՝ Անուշ Հայրապետյանին, և պահանջեց, որպեսզի վերջինս փոխի շապիկը, քանի որ դրա վրա Խանդոյանի նկարն էր։ Տոնոյանն ասաց, թե դա քարոզչություն է, սակայն Հայրապետյանը, որը նաև ամուսնու վստահված անձն էր, հրաժարվեց փոխել շապիկը։ Ընտրատեղամասում վիճաբանություն սկսվեց, որին միջամտեցին Հայրապետյանի համագյուղացիները՝ Տոնոյանից պահանջելով լքել ընտրատեղամասն ու չխանգարել ընտրության ընթացքին։ Պահանջողներից մեկն էլ գյուղապետի թեկնածու Նորաին Հակոբյանն էր:

Վիճաբանությունից քիչ անց 20-ից ավել ոստիկաններ եկան ընտրատեղամաս։ Նրանցից մի քանիսն Անուշ Հայրապետյանին տարան առանձին սենյակ և զրուցեցին կնոջ հետ։ Հետագայում Հայրապետյանը պատմեց, որ ոստիկանները կրկին պահանջել են փոխել ամուսնու նկարով շապիկը, սակայն ինքը դարձյալ հրաժարվել է։

7tsaghkahovit

Համայնքի ղեկավարի թեկնածու Նորաին Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանը գյուղում ընտրակաշառք է բաժանել՝ մեկ ընտրողին 10 հազար դրամի չափով։ Նա հավաստիացրեց, որ գումար են առաջարկել նաև իր բարեկամներին․ «4 օր է արդեն բաժանում են։ Իբր նպաստներ են տալիս, բայց դա ընտրակաշառք է… Սենց հանցագործություն չի կարելի [անել] էս երկրում»։

Հակոբյանը նաև պնդեց, որ ինքն ինքնաբացարկ կհայտարարեր, եթե ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը նույնպես ինքնաբացարկի դիմեր։ Ըստ նրա՝ ինքը թեկնածությունն առաջադրել է, որպեսզի ձայներ խլի Երվանդ Խաչատրյանից և նվազեցնի ՀՀԿ-ականի ընտրվելու հնարավորությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, Հակոբյանը ոչ միայն նվազեցրեց ՀՀԿ-ականի հնարավորությունները, այլ նաև առաջ անցավ թե՛ նրանից, թե՛ Խանդոյանից, ում համար, իր իսկ խոսքով, կարող է կյանքն էլ տալ:

5tsaghkahovit