Home / Հայաստան / Վահան Արծրունուն ԱԱԾ֊ում հարցեր են տվել «Հիմնադիր խորհրդարանի» մասին․ «ՀԺ»

Վահան Արծրունուն ԱԱԾ֊ում հարցեր են տվել «Հիմնադիր խորհրդարանի» մասին․ «ՀԺ»

artsruni1

Երաժիշտ Վահան Արծրունին նախօրեին Ազգային անվտանգության ծառայություն է (ԱԱԾ) հրավիրվել, որտեղ նրան հարցեր են տվել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամների հետ կապերի, Խորենացի փողոցում ամռանն անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցության, ապրելու միջոցների, ընտանիքի մասին: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթի հետ զրույցում Արծրունին նշել է, որ ԱԱԾ-ում իրեն ասել են, որ «ուղղակի զրույցի» է հրավիրված:

«Առաջին հարցը, որ տվել եմ ԱԱԾ-ում, եղել է հետևյալը. մեր հանդիպումն արդյոք Սահմանադրության խախտո՞ւմ չէ: Պատասխանը եղել է հետևյալը. սա ընդամենն ընկալեք որպես զրույցի հրավեր: Ես դա կարող եմ զրույցի հրավեր ընդունել լրագրողից, և ինձ պարզ կլինի այդ զրույցի բնույթը, բայց երբ ինձ հրավիրում են զրույցի և դա տեղի է ունենում ԱԱԾ-ում, սա սկսում է ինձ լուրջ անհանգստացնել»,- «ՀԺ»-ին ասել է երաժիշտը:

Նրա խոսքով՝ ինքն ամռանը Խորենացի փողոցում չի եղել: Միայն մասնակցել է «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավարներից մեկի Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան օրվան նվիրված համերգին Ազատության հրապարակում։ Արծրունու խոսքով՝ ինքը մասնակցել է մի շարք այլ համերգների, օրինակ, Աշոտ Նավասարդյանի (քաղաքական գործիչ, ՀՀԿ֊ի հիմնադիրներից մեկը) հիշատակի համերգին, սակայն դա կապ չունի քաղաքականության հետ։

«Համերգը՝ համերգ, քաղաքական հարթակը՝ քաղաքական հարթակ, քաղաքացիական իրավունքները՝ քաղաքացիական իրավունքներ»,- ասել է երաժիշտը: Նա ընդգծել է, որ խնդրի առնչությամբ երեկ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին։

Թերթը նշում է, որ ԱԱԾ-ում Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ որևէ գործ չի քննվում, հետևաբար անհասկանալի է Վահան Արծրունու մասնակցության վերաբերյալ հետաքրքրասիրությունը այդ կառույցի կողմից։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Վահան Արծրունու պաշտոնական կայքից