Home / Բանտ / «Նուբարաշենում» կալանավորներին խոշտանգում են, պնդում են իրավապաշտպանները

«Նուբարաշենում» կալանավորներին խոշտանգում են, պնդում են իրավապաշտպանները

Միայն «Նուբարաշեն» բանտում գտնվելն արդեն իսկ խոշտանգում և անմարդկային վերաբերմունք է։ Բանտի շենքային պայմանների անմխիթար վիճակի, խցերի խոնավության և անորակ սննդի մասին այսօր խոսել են «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Նինա Կարապետյանցը և կազմակերպության փաստաբան Արայիկ Պապիկյանը։

«Խցերի բետոնե հատակները 24 ժամ թաց են։ Միջատների ուսումնասիրությամբ զբաղվողները կարող են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դոկտորական պաշտպանել։ Միջատների այդպիսի տեսականի դուք չեք պատկերացնի։ Այնտեղ անմարդկային վերաբերմունք է ոչ միայն կալանավորների նկատմամբ, այլ նաև աշխատակիցների և իրենց պաշտպանյալներին այցելող փաստաբանների նկատմամբ», – ասել է Կարապետյանցը։

Կազմակերպությունը դեռ 2010 թվականին դիտարկումներ էր կատարել քրեակատարողական հիմնարկում, և, Կարապետյանցի խոսքով, մինչ օրս ոչ միայն ոչ մի դրական փոփոխություններ չի գրանցվել, այլ նաև ավելի է վատթարացել բանտի վիճակը։

Իրավապաշտպանն անդրադարձել է նաև կալանավորների բուժման հետ կապված խնդիրներին՝ ընդգծելով, որ բանտում չկան բավարար բուժման միջոցներ։

«Վերջերս իմ պաշտպանյալի խուց գնալու ճանապարհին լսեցի, ինչպես կողքի խցերից մեկում մեկը մղկտալով գոռացել է՝ դե՛ղ բերեք։ Հսկիչը ասում ա՝ մեղք է էս տղեն, կմեռնի, բժիշկը ասում է՝ դեղ չունենք։ Եվ սա մասնավոր դեպք չէ», -նշել է Կարապետյանցը։

Նրա խոսքով՝ «Նուբարաշեն»-ում ամեն կերպ փորձում են խզել կալանավորների կապն արտաքին աշխարհի հետ։ Նա ասել է, որ վերջերս իր պաշտպանյալ, հիվանդ կալանավոր Հրաչյա Գևորգյանը պատմել է, որ բանտի տաքսաֆոները չեն աշխատում․ «Նրա խոսքով՝ ինքը տեսել է, որ կտրված են տաքսաֆոների լարերը»։

Բանտի կողմից կալանավորներին հատկացաված սնունդը, Կարապետյանցի խոսքով, ուտելու պիտանի չէ։ Կալանավորների մեծ մասը առհասարակ չեն օգտվում բանտի ճաշերից։ Չնայած դրան՝ «բանտի թղթերի վրա նկարված են տարբեր ճոխ ցանկեր»։

Արայիկ Պապիկյանը, իր հերթին, անդրադարձել է նաև խցերի գերբնակեցման խնդրին։ Նրա խոսքով՝ կալանավորները խցերում քնում են հերթափոխով։ Հացադուլ հայտարարած կալանավորներին առհասարակ առանձին խցեր չեն տրամադրվում, որը հենց խոշտանգում է։

Մի շարք հիվանդություններով տառապող Հրաչյա Գևորգյանի պաշտպանությամբ զբաղվող «Հելսինկյան ասոցիացիան» ամիսներ շարունակ ահազանգում է կալանավորի առողջական վիճակի, բանտում նրա պահման վատ պայմանների մասին։ Մի քանի անգամ կալանավորը փաստաբանների օգնությամբ բաց նամակ է հղել պաշտոնյաներին և ԶԼՄ֊ներին, որտեղ Գևորգյանը պատմել է բանտի արատավոր երևույթների մասին։ Ամեն անգամ նման ահազանգերից հետո Գևորգյանի նկատմամբ վերաբերմունքը ավելի է սրվել։

Tekali Taxi