Գլխավոր / Բանտ / Շանթ Հարությունյանի գործով դատապարտվածի հացադուլն անմեղ կալանավորների համար է

Շանթ Հարությունյանի գործով դատապարտվածի հացադուլն անմեղ կալանավորների համար է

Շանթ Հարությունյանի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված, «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Վարդան Վարդանյանն արդեն 20 օր է անժամկետ հացադուլի մեջ է։ Դրա միջոցով նա իր բողոքն է արտահայտում Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների և անմեղ դատապարտվածների համար։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Վարդանյանի որդին՝ Տիգրան Վարդանյանը։

«Ինչքան անմեղ մարդիկ կան, որ բանտարկված են, իրենց տներում չեն անցկացրել Նոր տարին, դրա համար է նա բողոքում», -ասել է Վարդանյանի որդին։

Նրա խոսքով՝ ինքը հինգշաբթի է հեռախոսով զրուցել հոր հետ և վերջինիս առողջական վիճակը լավ է։ Դատապարտյալն այժմ գտնվում է հացադուլավորների համար նախատեսված հատուկ խցում։

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Վարդանյանը հացադուլով պահանջում է հունվարի 28-ին՝ Բանակի օրվա առթիվ, համաներմամբ ազատ արձակել համաներման սպասող բոլոր բանտարկյալներին։

Մեզ հետ զրույցում Տիգրան Վարդանյանը նշել է, որ հայրը իր համար համաներում չի ակնկալում․ «Եթե անգամ տան, ինքը չի ընդունելու այն, իր բողոքը մնացած մարդկանց համար է»։

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը և նրա 12 ընկերները մեղավոր են ճանաչել 2013 թվականի նոյեմբերի 5-ին ակցիա անցկացնելու ընթացքում խուլիգանություն անելու մեջ: Ալբերտ Մարգարյանը և Վահե Մկրտչյանը նաև մեղավոր էին ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:

Դատապարտյալները չեն ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթի ընթացքը խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկաններն իրենք են հրահրել ընդհարումը։ Մի շարք տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, քաղաքական ուժեր Հարությունյանին և ընկերներին ճանաչել են քաղբանտարկյալ:

Tekali Taxi