Home / Հայաստան / Վերաքննիչն անփոփոխ թողեց Շանթ Հարությունյանի և ընկերների դեմ կայացված վճիռը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերաքննիչն անփոփոխ թողեց Շանթ Հարությունյանի և ընկերների դեմ կայացված վճիռը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և ընկերների վերաքննիչ բողոքը ու օրինական ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը:

2014 թվականի հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը Շանթ Հարությունյանին և ընկերներին մեղավոր էր ճանաչել 2013 թվականի նոյեմբերի 5-ին ակցիա անցկացնելու ընթացքում խուլիգանություն անելու մեջ: Ալբերտ Մարգարյանը և Վահե Մկրտչյանը նաև մեղավոր էին ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:

Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Ալբերտ Մարգարյանը նույնպես 6 տարի էր ստացել, Վահե Մկրտչյանը՝ 7 տարի, Լիպարիտ Պողոսյանը՝ 5 տարի, Ավետիս Ավետիսյանին՝ 5 տարի, Վարդան Վարդանյանը՝ 5 տարի, Հայկ Հարությունյանը՝ 4 տարի 6 ամիս, Ալեք Պողոսյանը՝ 4 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 4 տարի, Արմեն Հովհաննիսյանը՝ 2 տարի, Սևակ Մնացականյանը՝ 1 տարի 6 ամիս, Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարի, Միսակ Միքայելյանը տուգանվել է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, բայց դատարանը վճռել է պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել 4 տարվա փորձաշրջան:

Ամբաստանյալները չեն ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթի ընթացքը խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները իրենք են հրահրել ընդհարումը։ Մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններ Հարությունյանին և ընկերներին ճանաչել է քաղբանտարկյալ:

Tekali Taxi