Home / Շուկա / Վրաստանում պահանջում են գաղտնազերծել «Գազպրոմի» հետ համաձայնագիրը

Վրաստանում պահանջում են գաղտնազերծել «Գազպրոմի» հետ համաձայնագիրը

Վրաստանում շարունակվում են բուռն քննարկումները երկրի կառավարության ու ռուսաստանյան «Գազպրոմի» միջև օրերս կնքված՝ գազի տարանցման վճարի նոր պայմանների համաձայնագրի շուրջ։ Ընդդիմության մի մասն ու ոչ կառավարական հատվածը մտահոգություն են հայտնում, որ «Գազպրոմի» հետ կնքված 2 տարվա պայմանագիրը հակասում է Վրաստանի ազգային շահերին ու պահանջում հրապարակել համաձայնագրի մանրամասները։ Ի պատասխան՝ կառավարությունը պնդում է, որ վերոնշյալ պայմանագիրը չի մեծացնում Վրաստանի կախվածությունը ռուսաստանյան գազից։

Խորհրդարանական ընդդիմությունը էներգետիկայի նախարար Կախա Կալաձեից պահանջում է բացահայտել պայմանագրի մանրամասները։ Կառավարության ընդդիմախոսները կասկածում են, որ նախարարը պատշաճ ճկունություն և սկզբունքայնություն չի դրսևորել և կնքել է երկրի համար ակնհայտորեն պարտվողական գործարք, որը կմեծացնի Վրաստանի կախվածությունը ռուսաստանյան գազային մոնոպոլիստից։

«Էխո Կավկազա» գործակալությունը ներկայացնում է ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության նախկին անդամ, ներկայումս «Եվրոպական Վրաստան» խմբակցության ներկայացուցիչ Ելենա Խոշտարիայի կարծիքը․ «Մենք առանց պայքարի հանձնեցինք երաշխավորված պայմանները, ըստ որոնց Վրաստանը ստանում էր մեր տարածքով Ռուսաստանից Հայաստան փոխանցվող գազի ծավալի 10 տոկոսը։ Այժմ մեր դիրքերը թուլացել են, ու հետագայում Ռուսաստանը կկարողանա ազատորեն մեզ թելադրել իր պայմանները։ Կարճ ասած՝ մենք Ռուսաստանից կախվածություն ենթ ձեռք բերում մի հարցում, որի երկարաձգման վերաբերյալ տասը տարվա ընթացքում որևէ խնդիր չէր առաջացել»։

Իշխանական ուժերը հակադարձում են, թե հարցը փակված է ու, ըստ էության, քննարկելու ոչինչ այլևս չկա, քանի որ պայմանագիրն արդեն կնքված է։

«Վերջին օրերի ընթացքում հանրությունն ստացել է սպառիչ պատասխաններ իր բոլոր հարցերին։ Այժմ ընդդիմությունը միտումնավոր ակտուալացնում է «Գազպրոմի» հետ համաձայնագրի մանրամասների հարցը, որպեսզի կոծկի երկրի հիմնական ընդդիմադիր կուսակցություն վերջերս տեղի ունեցած պառակտումը։ Այնպես որ, նրանց պահանջները բացարձակապես լեգիտիմ չեն»,֊ հայտարարել է իշխանական «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն։

Կառավարությունը պնդում է, որ չի պատրաստվում գաղտնազերծել փաստաթուղթը՝ հղում անելով համաձայնագրի գաղտնիությանը։ Էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին կրկին հայտարարել է, որ Վրաստանի՝ ռուսաստանյան կողմի պայմաններից հրաժարվելու դեպքում, վերջինս կկազմակերպեր Հայաստան գազի մատակարարումն Իրանի կողմից։ Նման պայմաններում, Վրաստանն, ըստ փոխնախարարի, այլընտրանք չուներ, ու միակ տարբերակը պայմանագիրը ստորագրելն էր։ Ընդ որում, պաշտոնյան համոզմունք է հայտնել, որ Վրաստանը «Գազպրոմի» կողմից լուրջ զիջումների է հասել․ «Մենք հասել ենք նրան, որ Ռուսաստանը վճարելու է տարեկան երաշխավորված երկու միլիարդ խորանարդ մետր գազի տարանցման դիմաց, անկախ նրանից, թե այդ ծավալը գազամուղով անցնելու է, թե ոչ»։

Transparency International կազմակերպության վրաստանյան ներկայացուցչության գործադիր տնօրենի տեղակալ Գեորգի Օնիանին «Էխո Կավկազա»֊ի հետ զրույցում ասել է, որ երկրի իշխանությունները բռնի կերպով ստորագրել են պայմանագիր, թեև դեռևս դեկտեմբերի վերջին էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հավաստիացնում էր, որ Վրաստանը նման քայլի չի դիմի, քանի որ երկրին ձեռնտու չէ տարանցման վճարի դրամայնացումը։ Ավելի ուշ, հավելել է Օնիանին, իշխանությունները հայտարարեցին, որ «Գազպրոմի» հետ բանակցությունների ընթացքում ծագել են մի շարք խնդիրներ։ Ի վերջո, սակայն, կառավարությունը հաստատեց համաձայնագիրը՝ առանց որևէ փորձագետի ծանոթացնելու դրա պայմաններին։

«Բազմաթիվ հարցեր են առաջ գալիս, հետևաբար մենք պահանջում ենք, որպեսզի «Գազպրոմի» հետ կնքված պայմանագիրը հրապարակայնացվի։ Մասնավորապես, ինչո՞ւ փոխհաշվարկների դրամայնացումը հանկարծ արդիական դարձավ իշխանությունների համար, երբ նախորդ տարի դա կտրականապես անընդունելի էր։ Որքանո՞վ են բանակցություններն ապահովված եղել ռազմավարական փորձագիտական հաշվարկներով։ Արդյո՞ք ներգրավվել են միջազգային գործընկերներ, որպեսզի ձեռք բերվեն հնարավոր լավագույն պայմանները։ Հանրության հետաքրքրությունը տրամաբանական է, ու իշխանությունները պետք է պատասխանեն այս հարցերին»,֊ ասել է Օնիանին։

Tekali Taxi