Home / Մշակույթ / Ձեր ապրելակերպն արդեն որոշված է

Ձեր ապրելակերպն արդեն որոշված է

Ահա և նորից աշխատանքային եռուզեռի մեջ եմ։ Մեքենաշինական ոլորտում լավ վարձատրվող աշխատանք եմ գտել, և ինը ամիս ճանապարհորդությունից հետո կյանքը վերջապես սկսում է իր նորմալ հունով ընթանալ։

Քանի որ նախկինում ուրիշ ապրելակերպ ունեի, 9-ից 17֊ը տևող աշխատանքային գրաֆիկին կտրուկ անցնելն ինձ ստիպեց մտածել այնպիսի բաների մասին, որոնց նախկինում ուշադրություն չէի դարձնում։

Այն պահից սկսած, երբ ինձ առաջարկեցին այս աշխատանքը, ես սկսեցի ավելի անփույթ վարվել իմ փողերի հետ։ Ոչ թե անմիտ, այլ փոքր֊ինչ անխնայողաբար։ Օրինակ, նորից սկսել եմ սուրճի թանկ տեսակներ գնել։

Խոսքը չի գնում խոշոր ու շռայլ գնումների մասին։ Նկատի ունեմ մանր, պատահական, անկառավարելի ծախսերն այնպիսի իրերի վրա, որ իրականում այդքան էլ կարևոր չեն։

Հետադարձ հայացք գցելով՝ հասկանում եմ, որ միշտ էլ այդպիսին եմ եղել, երբ շատ գումար եմ վաստակել։ Բայց ինը ամիս շարունակ ճանապարհորդել եմ, ալպինիզմով եմ զբաղվել ու ընդհանրապես այլ ապրելակերպ վարել՝ առանց որևէ շահույթի։

Ենթադրում եմ, որ հավելյալ ծախսերը թելադրված են իմ սեփական աճի զգացողությամբ։ Ես նորից բարձր վարձատրվող մասնագետ եմ, ինչը, կարծես թե, ինձ իրավունք է տալիս որոշակի չափով վատնել փողերս։ Սեփական ազդեցիկության հետաքրքիր զգացողություն է առաջանում, երբ, շրջանցելով քննադատական մտածողությունը, միանգամից մի քանի քսանդոլարանոցներ ես ծախսում։ Հաճելի է դոլարի ուժն օգտագործել, երբ գիտես, որ շուտով ծախսված գումարները նորից կվերականգնվեն։

Ոչ մի անսովոր բան չկա նրանում, ինչ անում եմ։ Թվում է, թե բոլորն էլ նույն բանն են անում։ Ես ուղղակի որոշ ժամանակ անց վերադարձել եմ սպառողական մտածելակերպին։

Ճամփորդության ընթացքում իմ ամենազարմանալի բացահայտումն այն էր, որ (այդ թվում նաև Կանադայից ավելի թանկ երկրներում) մեկ ամսում ես ավելի քիչ գումար էի ծախսում, քան երբ տանն էի ու անընդհատ աշխատում էի։ Ավելի շատ ազատ ժամանակ ունեի, ամենագեղեցիկ վայրերն էի այցելում, անընդհատ նոր մարդկանց հանդիպում, ոչ մի բանի մասին չէի անհանգստանում, անմոռանալի ժամանակ էի անցկացնում, և այդ ամենի վրա ավելի քիչ էի ծախսում, քան կանադական ամենաէժան քաղաքներից մեկում իմ 9-17 աշխատանքային գրաֆիկով համեստ կյանքի։

Կարծես թե իմ գումարի փոխարեն ավելի շատ բան էի ստանում, երբ ճանապարհորդում էի։ Իսկ ո՞րն է սրա պատճառը։

Պատասխանն ավելորդ ապրանքների ու ծառայությունների սպառման մշակույթի ձևավորումն է։

Այստեղ՝ Արևմուտքում, խոշոր բիզնեսը միտումնավոր ստեղծում է այնպիսի ապրելակերպ, որն ուղղված կլինի ավելորդ ծախսեր խրախուսելու վրա։ Արդյունաբերության բոլոր ոլորտների կազմակերպությունները մեծ դեր են ունեցել հասարակության մեջ փողերի հանդեպ անփույթ վերաբերմունքի ձևավորման հարցում։ Դրանք խրախուսում են պատահական ու առանց զգալի անհրաժեշտության ծախսերը։

«Կորպորացիա» վավերագրական ֆիլմում մի մարքեթինգային հոգեբան պատմում է այն մեթոդներից մեկի մասին, որը նա օգտագործել է վաճառքի ծավալը ավելացնելու համար։ Նրա աշխատակիցները ուսումնասիրել են, թե որքանով է ծնողների՝ երեխայի ուզած խաղալիքը գնելու որոշման վրա ազդում երեխայի նվնվոցը։

Նրանք հայտնաբերել են, որ խաղալիքների 20-40% ընդհանրապես չէր վաճառվի, եթե երեխաներն իրենց քմհաճույքով չտանջեին ծնողներին։ Նույն կերպ չէր կայանա թեմատիկ զվարճանքների այգի ամեն չորս այցից մեկը։ Ուսումնասիրության արդյունքները օգտագործվել են արտադրանքն ուղղակիորեն երեխաներին վաճառելու համար՝ խրախուսելով նրանց խնդրել այդ խաղալիքները իրենց ծնողներից։

Միայն այս մարքեթինգային արշավը բերեց նրան, որ սպառողները միլիոնավոր դոլարներ ծախսեցին արհեստական պահանջարկի ստեղծման շնորհիվ։

«Դուք կարող եք սպառողներին մանիպուլացնել, ստիպել նրանց ուզել և հետևաբար նաև գնել ձեր արտադրանքը», նշում է Լյուսի Հյուզը, «The Nag Factor-ի» հիմնադիրներից մեկը։

Սա մի փոքր օրինակ է այն ամենի, թե ինչ է տեղի ունենում արդեն երկար ժամանակ։ Խոշոր կազմակերպությունները միլիոններ են դիզում ոչ թե իրենց արտադրանքն անկեղծորեն գովերգելու համար, այլ միլիոնավոր մարդկանց համար մշակույթ ստեղծելու հաշվին, այն մարդկանց, որոնք գնում են շատ ավելին, քան իրենց հարկավոր է և փորձում են փողերով լուծել կյանքի հանդեպ ունեցած դժգոհությունները։

Մենք իրեր ենք գնում ինքներս մեզ ոգեւորելու համար, գնում ենք, որ մյուսներից վատը չթվանք, որ իրականացնենք հասուն կյանքի մասին մեր մանկական պատկերացումները, որ աշխարհին ցույց տանք մեր կարգավիճակը և շատ այլ հոգեբանական պատճառներով, որոնք գրեթե կապ չունեն ապրանքի իրական օգտակարության հետ։ Քա՞նի իր կա ձեր նկուղներում ու ավտոտնակներում, որոնք չեք օգտագործել անցած տարվա ընթացքում։

40-ժամյա աշխատանքային շաբաթվա իրական պատճառը։

Նման մշակույթը ներմուծելու եւ կիրառելու համար խոշոր կազմակերպությունները 40-ժամյա աշխատանքային շաբաթը հաստատել են որպես կյանքի նորմ։ Այսպիսի պայմաններում աշխատողները ստիպված են իրենց կյանքը կազմակերպել երեկոյան կամ ազատ օրերին։ Սա մեզ ստիպում է ավելի շատ գումար ծախսել զվարճանքների ու հարմարությունների վրա ազատ ժամանակի սղության պատճառով։

Ընդամենը մի քանի օր առաջ եմ վերադարձել աշխատանքի, բայց արդեն նկատում եմ, թե որքան օգտակար բան է չքացել կյանքիցս․ զբոսանքները, ֆիզիկական վարժությունները, ընթերցանությունը, մեդիտացիան և ավելի շատ գրելը։

Բոլոր թվարկած զբաղմունքները մեկ ընդհանուր բան ունեն՝ դրանք կամ անվճար են կամ քիչ ծախսեր են ենթադրում, բայց դրանց համար ժամանակ է հարկավոր։

Հանկարծ ես ունեցա ավելի շատ փող ու ավելի քիչ ժամանակ. սկսեցի վերածվել տիպիկ հյուսամերիկացի աշխատողի, ինչը մի քանի ամիս առաջ չէր նկատվում։ Քանի դեռ արտերկրում էի, ծախսերի մասին մտքեր չունեի, կարող էի զբոսնել ազգային այգում կամ ժամերով լողափում գիրք կարդալ։ Հիմա նման բաների մասին անգամ խոսք չի կարող գնալ, քանի որ այդ զբաղմունքների վրա կարելի է վատնել այդքան թանկարժեք ազատ օրը։

Ֆիզիկական վարժություններ անելը վերջին բանն է, որ ես ուզում եմ անել, երբ աշխատանքից վերադառնում եմ տուն։ Նույն կերպ դա վերջին բանն է, որ ես ուզում եմ անել ճաշից հետո կամ քնելուց առաջ, կամ արթնանալուց անմիջապես հետո։ Եւ այսպես ամեն աշխատանքային օր։

Ակնհայտ է, որ այս խնդիրն ունի շատ պարզ լուծում․ քիչ աշխատել, որպիսի ազատ ժամանակ ավելի շատ լինի։ Արդեն համոզվել եմ, որ կարող եմ լիարժեք կյանք ունենալ ավելի քիչ շահույթով, քան ունեմ հիմա։ Ցավոք սրտի, սա իմ աշխատանքային ոլորտում, ինչպես նաև շատ այլ ոլորտներում, գրեթե անհնար է։ Կամ աշխատում ես 40 և ավել ժամ կամ ընդհանրապես չես աշխատում։ Իմ հաճախորդներն ու պայմանագրային աշխատողները ստանդարդ աշխատանքային գրաֆիկ ունեն, դրա համար էլ ես չեմ կարող նրանց խնդրել, որ ինձ հետ գործ չունենան ժամը 13:00-ից հետո։

Ութժամյա աշխատանքային օրը մշակվել է 19-րդ դարի Անգլիայում՝ արտադրական հեղափոխության ժամանակ։ Մինչ այդ աշխատողներին շահագործում էին օրական 14-16 ժամ։

Շնորհիվ տեխնոլոգիաների և նոր մեթոդների՝ արտադրության բոլոր ոլորտի աշխատողները կարողացան կարճ ժամանակահատվածում ավելի մեծ ծավալի աշխատանք իրականացնել։ Տրամաբանական էր ակնկալելը, որ սա կհանգեցներ նաև աշխատանքային ժամերի կրճատմանը։

Սակայն 8-ժամյա աշխատանքային օրը չափից դուրս մեծ եկամուտ է բերում խոշոր բիզնեսին։ Ու օգտակարությունը նրանում չէ, որ այդ ժամանակում մարդիկ անում են ահռելի քանակության աշխատանք. միջին վիճակագրական գրասենյակային աշխատողը 8 ժամում անում է 3 ժամ իրական աշխատանք։ Բայց ազատ ժամանակի սուր պակասը բերում է նրան, որ մարդիկ ավելի պատրաստակամ են վճարել հարմարությունների, զվարճանքների և ցանկացած այլ հասանելի ուրախության համար։ Սա ստիպում է նրանց մնալ հեռուստացույցներով ցուցադրվող գովազդների առջև, սա զրկում է նրանց ցանկացած ամբիցիայից ազատ օրերի ընթացքում։

Մենք ունենք մի մշակույթ, որը ստեղծվել է, որ մեզ միշտ պահի հոգնածության, սովի, սեփական ցանկություններով առաջնորդվելու ու հարմարավետության համար մեծ գումարներ վճարելու հոգեվիճակի մեջ։ Իսկ ամենակարևորն այն է, որ պահպանվում է կյանքից դժգոհ լինելու մշուշոտ զգացողությունը, այդ պատճառով էլ մենք անընդհատ ցանկանում ենք այն, ինչ չունենք։ Մենք միշտ այդքան շատ ենք գնումներ անում, քանի որ միշտ թվում է, որ ինչ-որ բան պակաս է։

Արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆը, կառուցված են ցանկությունների իրականացման, սովորություններ զարգացնելու ու ոչ պարտադիր ծախսերի հաշվարկով։ Գումար ենք ծախսում, որ տրամադրություն բարձրացնենք, որ ինքներս մեզ պարգևատրենք, որ տոնենք, խնդիրներ լուծենք, կարգավիճակներս բարձրացնենք, ձանձրույթը հաղթահարենք։

Կարո՞ղ եք պատկերացնել թե ինչ կլիներ, եթե ամբողջ Ամերիկան չգներ այդքան անպետք իրեր, որ մեր կյանքին չեն տալիս զգալի և երկարաժամկետ օգուտ։

Տնտեսությունը կփլուզվեր ու այլևս երբեք չէր վերականգնվի։

Ամերիկայում բոլոր լայն տարածում ունեցող խնդիրները՝ ճարպակալումը, դեպրեսիան, շրջակա միջավայրի աղտոտումը ու կոռուպցիան այն գինն է, որ վճարվել է տնտեսությանը տրիլիոններով աջակցելու համար։ Որպեսզի տնտեսությունն առողջ լինի, Ամերիկան պետք է մնա անառողջ։

Առողջ ու երջանիկ մարդիկ կարիք չեն զգում շատ բաների, որ դեռ չունեն։ Սա նշանակում է, որ նրանք այդքան իրեր չեն գնում, նրանց չեն գրավում զվարճանքներն ու գովազդային հոլովակները։

8 ժամյա աշխատանքային մշակույթը խոշոր բիզնեսի այն հզոր գործիքն է, որով այն մարդկանց պահում է այնպիսի իրավիճակում, երբ բոլոր խնդիրների լուծումը ինչ-որ բանի գնումն է։

Հնարավոր է, որ լսել եք Պարկինսոնի օրենքի մասին։ «Աշխատանքը լրացնում է այն ժամանակը, որը հատկացված է այն կատարելու համար»։ 20 րոպեում դուք կարող եք անել զարմանալիորեն շատ բաներ։ Բայց միայն այն ժամանակ, երբ այդ աշխատանքի համար դուք ունեք ընդամենը 20 րոպե։ Իսկ եթե այդ աշխատանքը կատարելու համար դուք ունեք ամբողջ օրը, ապա, ամենայն հավանականությամբ, դա ձեզանից ավելի շատ ժամանակ կխլի։

Ի՞նչպես են մեզանից շատերը վերաբերվում փողերին։

Ինչքան շատ ենք վաստակում, այդքան շատ ենք ծախսում։ Սա տեղի չի ունենում այն պատճառով, որ մեզ հանկարծակիորեն ավելի շատ բաներ են պետք։ Մենք ավելի շատ ենք ծախսում ուղղակի որովհետև կարող ենք դա թույլ տալ։ Իրականում մարդկանց բավականին դժվար է խուսափել կյանքի մակարդակի բարձրացումից (կամ, գոնե ծախսերի մակարդակը կառավարելուց), երբ տեղի է ունենում աշխատավարձի բարձրացում։

Չեմ կարծում, որ պետք է այս նողկալի համակարգից թաքնվել, անտառում բնակվել, խուլ ու համր ձևանալ, ինչպես առաջարկում է նոնկոնֆորմիզմի սիմվոլ Հոլդեն Քոլֆիլդը։ Բայց շատ օգտակար կլինի գիտակցել, թե ինչպիսին են մեզ ուզում տեսնել խոշոր կորպորացիաները։ Նրանք երկար տասնամյակներ աշխատել են, որ ստեղծեն միլիոնավոր իդեալական սպառողների և հաջողության են հասել դրանում։ Եթե դուք իրական անոմալիա չեք հանդիսանում, ապա ձեր ապրելակերպը վաղուց պլանավորված է։

Իդեալական հաճախորդը միշտ դժգոհ է, բայց լի է հույսերով, լրջորեն հետաքրքրված չէ սեփական զարգացմամբ, շատ կապված է հեռուստացույցին, լրիվ դրույքով է աշխատում, բավականին լավ է վարձատրվում, ազատ ժամանակ շարժվում է իր ցանկություններով եւ ուղղակի լողում է հոսանքի հետ։

Ոչ մեկին չի՞ հիշեցնում։

Երկու շաբաթ առաջ ես հստակ կասեի, որ այս ամենն իմ մասին չէ։ Բայց եթե իմ բոլոր շաբաթները նմանվեին անցած 7 օրերին, ապա այդ պատասխանը ինքնախաբեություն կլիներ։

հեղինակ՝ Դեյվիդ Քեյն
թարգմանություն՝ Սամսոն Մարտիրոսյան

Tekali Taxi