Բնապահպանության նախարարության բնապահպանության տեսչությունն այժմ հաշվարկում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի պոչերը Նորաշենիկ գետը լցվելու հետևանքով հասցված վնասը: Այս մասին տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանն ասել է Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանին, երբ վերջինս ահազանգել է գետի՝ հունվարի 25-ին տեղի ունեցած աղտոտման մասին:
Epress.am-ի հետ զրույցում Փարսադանյանը նշել է, որ աղտոտվածությունը լուրջ էր, անզեն աչքով տեսանելի:
«Երբ մենք բարձրացանք տեսնելու գետը, նույնիսկ վարորդի ինքնազգաղոցությունը վատացավ: Մի քանի րոպե ենք մնացել գետի մոտ», – պատմել է նա:
Ըստ բնապահպանի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ստացել է թույլտվություն պոչերը գետը լցնելու, սակայն որոշակի կոնցենտրացիայի սահամններում: Նա նշել է՝ սա առաջին դեպքը չէ, երբ պոչերն աղտոտում են Նորաշենիկ գետը, որը միանում է Ողջի գետին: Աղտոտումը լինում է պարբերաբար, քաղաքացիներն ահազանգում են այդ մասին: Փարսադանյանը հիշում է, որ երեք տարի առաջ, երբ նման դեպք է եղել, կոմբինատի այն ժամանակվա տնօրեն Մաքսիմ Հակոբյանն ասել է, որ միջազգային մասնագետներ են հրավիրել վթարի հետևանքները վերացնելու համար:
«Մենք արձանագրում ենք փաստը, նման արտահոսք չպիտի լինի: Հիմնական խնդիրը նրանում է, որ կոմբինատն արմատական էդ հարցը պետք է լուծի, չի լինի, որ քաղաքացիներն ամեն անգամ արձագանքեն ու նոր վթարը վերացվի»,- ասել է Փարսադանյանը:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպանական բաժնի պետ Հասմիկ Մկրտումյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ արտանետումը վթարի հետևանք է եղել:
«Վթարը կապ չունի այսօրվա արտադրության հետ, ուստի արտադրությունը չի կանգնեցվել: Տեղի է ունեցել թունելի պատերի արտահոսք: Վաղվանից կսկսվեն վերականգման աշխատանքները», – ասել է Մկրտումյանը: