Հայաստանում գործող «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դատապարտում է ԴԱՀԿ նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի մասնակցությամբ օֆշորային սկանդալի վերաբերյալ քրեական գործը կոծկելը: Այս մասին ասված է կազմակերպության կողմից այսօր տարածած հայտարարության մեջ:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հիշեցնում է, որ 2016 թվականի ապրիլի 4-ին hetq.am-ը գրել էր, որ Պողոսյանը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated) և «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.): Ընդ որում, առաջին երկու ընկերությունների բաժնեմասը նա ստանձնել է 2011թ. մարտին, այսինքն` այն ժամանակ, երբ արդեն զբաղեցնում էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը:
Հրապարակումից հետո Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել քր․օր֊ի 310-րդ հոդվածի հատկանիշներով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը): Գործը կարճվել է այս տարի․ նախաքննական մարմնի հիմնավորումն այն է, որ իրավական օգնություն հայցելու մասին ՀՔԾ-ի միջնորդությունները Պանամայի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության իրավապահ իրավասու մարմինների կողմից չեն բավարարվել կամ շուրջ ութ ամիս տևած նախաքննության ընթացքում որևէ պատասխան չի ստացվել:
«Արդյունքում, վարույթ իրականացնող մարմինը, հիմք ընդունելով օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների պատասխանի բացակայությունը, եկել է այն եզրահանգման, որ Միհրան Պողոսյանի արարքներում հանցակազմն առկա չէ: Իսկ ինքը՝ Միհրան Պողոսյանն ընդհանրապես թյուրիմացություն է համարում օֆշորային սկանդալի հետ կապված ողջ պատմությունը:
Հարկ է հիշեցնել, որ նույն օֆշորային սկանդալի հրապարակմամբ պայմանավորված՝ Միհրան Պողոսյանը 2016թ․ ապրիլի 18-ին հրաժարական ներկայացրեց ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնից, ընդ որում՝ Ի․Ալիևի հետ նույն սկանդալային ցանկում հայտնվել չցանկանալու պատճառաբանությամբ։ Սակայն նա քրեական գործի կարճումից հետո պատրաստվում է ՀՀԿ-ի տարածքային ընտրական ցուցակով իր թեկնածությունն առաջադրել 2017թ․ ԱԺ ընտրություններում:
Կարծում ենք, որ նախկինում նմանատիպ կոռուպցիոն բացահայտումների նկատմամբ գործող իշխանությունների հովանավորչությունը, անհետևողականությունն ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը նույնպես նախադեպ է հանդիսացել Մ․Պողոսյանի քրեական գործը կարճելու համար, ինչպիսին, օրինակ՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության բաժնետեր հանդիսանալու սկանդալն էր։
Որպես ՀՀ ժողովրդավարացման և լավ կառավարման ջատագով հասարակական կազմակերպություն՝ անթույլատրելի ենք համարում այս գործի կոծկումը և հետամուտ չլինելը, ինչպես նաև՝ ցանկացած կուսակցության ցուցակում Միհրան Պողոսյանի ընդգրկումը, ով պաշտոնավարման ընթացքում զբաղվել է ձեռնարկատիրությամբ, ներգրավված է կոռուպցիոն և այլ սկանդալներում՝ հաճախ հայտնվելով ԶԼՄ-ների հրապարակումներում», ֊ ասված է հակակոռուպցիոն կենտրոնի հայտարարության մեջ։