ՀՀ Քննչական կոմիտեն վթարի հետևանքով մահացած պայմանագրային զինծառայող Գարեգին Մինասյանի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։ Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն։
Պաշտոնական աղբյուրի համաձայն, փետրվարի 15-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս՝ ձորն էր գլորվել զորամասին պատկանող T-170 բուլդոզերը, ինչի հետևանքով բուլդոզերում գտնվող պայմանագրային զինծառայողներ Գարեգին Հակոբի Մինասյանը, Արմեն Միխայելի Պուխան և Վրույր Ֆիրդուսի Ներսիսյանը ստացել են մարմնական վնասվածքներ:
Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Մինասյանը մահացել է, իսկ մյուս երկու զինծառայողները հետագայում տեղափոխվել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցել է քրեական գործ (Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։