Գլխավոր / Հայաստան / Հանրապետականների հերթական հարձակումը Ջրառատում, կան վիրավորներ

Հանրապետականների հերթական հարձակումը Ջրառատում, կան վիրավորներ

Արմավիր մարզի Ջրառատ գյուղում իշխող Հանրապետական կուսակցության տեղական կառույցի ներկայացուցիչները կրկին զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կա երեք վիրավոր։

Այս մասին հայտնում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբը՝ չմանրամասնելով տեղի ունեցածը։

Երկու օր առաջ՝ մարտի 12-ին, Ջրառատ գյուղում բախվել էին ՀՀԿ ներկայացուցիչները և ՕՐՕ դաշինքի համակիրները։ Դաշինքի փոխանցմամբ՝ իրենց քարոզարշավից հետո Ջրառատի գյուղապետ հանրապետական Սամվել Գալստյանը սպառնալիքներ է հնչեցրել գյուղի բնակիչների և դաշինքի համակրի հանդեպ, իսկ նրա հետ եկած անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ գյուղապետի կողմնակից Լեռնիկ Երանոսյանը,  որը ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, և Միքայել Բաբոյանը ստացել են մարմնական վնասվածքներ։ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի բարեկամը միջադեպի հետևանքով փակ գանգուղեղային տրավմա է ստացել: