Եթե մեղադրյալը մահանում է, նրա մերձավոր ազգականները պետք է հնարավորություն ունենան պահանջելու շարունակել քրեական գործի վարույթը՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը։ Այս մասին որոշում է կայացրել Սամանադրական դատարանը՝ քննելով Վերաքննիչ դատարանի դիմումը։ Վերջինս ՍԴ֊ին խնդրել էր որոշել քրեական օրենսքրի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի (քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար) սահմանադրականությունը։
Այս հոդվածի հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ Ավետիք Բուդաղյանի սպանության գործով մահացածի իրավահաջորդ Արտակ Բուդաղյանը պահանջում էր վերացնել եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշումը։
Քննիչը մեղադրանք էր առաջադրել Ավետիք Բուդաղյանին՝ սպանության փորձ կատարելու համար, սակայն քրեական հետապնդումը դադարեցրել էր՝ նրա մահացած լինելու հիմքով։
Սահմանադրական դատարանը գտել է, որ քննիչը, մահվան հիմքով գործը կարճելու դեպքում, պետք է իրազեկեր մահացածի հարազատներին, քանի որ նրանք պետք է հնարավորություն ունենային պաշտպանել իրենց հարազատի իրավունքները, օրինակ, անմեղության կանխավարկածը, արդարացման իրավունքը, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը:
Արտակ Բուդաղյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ թեև ՍԴ֊ն համակարծիք է իրենց հետ, իրենք վստահ չեն, որ Վերաքննիչ դատարանը անպայմանորեն կբավարարի իրենց բողոքը։
«ՍԴ-ն ոչ միայն համարել է, որ հոդվածը հակասահմանադրական չէ, այլև վերահաստատել է, որ եթե անձի իրավունքների համար անհրաժեշտ է գործը շարունակել, ապա այն պետք է շարունակվի, այլ ոչ թե կարճվի։ Մեր դատական համակարգը, որ առանց էդ էլ կանխատեսելի չէ, դառնում է առհասարակ անկանխատեսելի, երբ խոսքը վերաբերում է Սուրիկ Խաչատյանին և նրա նմաններին», ֊ասել է Ալումյանը։
Հիշեցնենք, որ վերոնշյալ գործը կարճելու որոշման վրա հիմնվելով՝ քննիչը ազատ է արձակել Ավետիք Բուդաղյանի սպանության մեջ մեղադրվող Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, և նրա թիկնազորի անդամ Զարզանդ Նիկողոսյանին: Քննիչը ապացուցված էր համարել, որ Ավետիք Բուդաղյանը կատարել է սպանության փորձ, իսկ Խաչատրյանն ու Նիկողոսյանը ինքնապաշտպանվել են։