Home / Հայաստան / Սյունիքի մարզպետի տան մոտ հրաձգության հետևանքով՝ 1 զոհ, 2 վիրավոր. կան ձերբակալվածներ

Սյունիքի մարզպետի տան մոտ հրաձգության հետևանքով՝ 1 զոհ, 2 վիրավոր. կան ձերբակալվածներ

Երեկ կեսգիշերին մոտ Գորիսի Գետափնյա թաղամասում՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (լուսանկարում) առանձնատան մոտ, կրակոցներ են հնչել: Հրաձգությանը մասնակցել են Սուրիկ Խաչատրյանի մերձավորներն ու թիկնապահները և Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանն ու իր մերձավորները:

Միջադեպի հետևանքով 43-ամյա Ավետիք Բուդաղյանը մահացել է հրազենային վնասվածքից, իսկ նրա եղբայրը՝ ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար 42-ամյա Արտակ Բուդաղյանը, տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը ծանր է գնահատվում: Ծանր վիճակում է նաև հրազենային վնասվածք ստացած 38-ամյա Նիկոլայ Աբրահամյանը, ով Սուրիկ Խաչատրյանի մերձավորներից է:

Ոստիկանությունն իր հաղորդագրության մեջ նշում է, որ կրակոցների մասին ահազանգը ստացել է երեկ 23:40-ին անհայտ քաղաքացուց:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը:

Հարուցվել է քրեական գործ սպանություն և ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, պահելը և կրելը հոդվածներով:

Ոստիկանության համաձայն, բերման են ենթարկվել և հրավիրվել դեպքին մասնակից, ականատես հնարավոր վկաները, որոնք  հարցաքննվում են: Կան  ձերբակալվածներ, որոնց անունները ոստիկանությունը չի նշում:

Նշենք, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը իր կայքում գրել է, որ մի խումբ գորիսեցիներ իր հետ զրույցում պատմել են, թե Սդղի լճում խնջույքի ժամանակ, որին ներկա է եղել նաև մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ինչ-որ հարցի շուրջ թեժ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և քաղաքապետի նախկին թեկնածուի միջև: Մարզպետը ապտակել է Բուդաղյանին, այդ մասին իմացել է վերջինիս եղբայրը, և կողմերը շարունակել են հաշիվներ պարզել արդեն քաղաքում: Համաձայն մամուլում տարածված տեղեկությունների, խնջույքի ժամանակ ներկա է եղել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, և կողմերը վեճը շարունակել են Բակո Սահակյանին ճանապարհելուց հետո: Գորիսում խոսում են, որ դեռևս խնջույքի ժամանակ Բուդաղյանն ու Խաչատրյանը միմյանց հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել և հարվածել իրար:

Tekali Taxi