հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Սարի թաղի գործով մեղադրյալի կինը նստացույց է անում Դատախազության դիմաց

Սարի թաղի գործով մեղադրյալի կինը նստացույց է անում Դատախազության դիմաց

Սարի թաղի գործով ձերբակալված Էդվարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանն, այսօր կեսօրից նստացույց է սկսել ՀՀ Դատախազության շենքի մոտ՝ ի պաշտպանություն ամուսնու պահանջների։

Մարտի 25-ից Զեյթունյանը բանտում անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով հստակեցնել իրեն առաջադրված մեղադրանքը կամ ազատ արձակել։

Բեռնեցյանն ահազանգում է, որ հացադուլի ժամանակ ամուսնու ինքնազգացողությունը վատացել է՝ ընկել է ճնշումը, սակայն բանտում նրան բուժօգնություն չեն ցուցաբերել՝ պատճառաբանելով «հացադուլի մեջ ես, քեզ չենք կարող դեղ տալ»։ Կինը կապ է հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, սակայն այնտեղից հայտնել են, որ նման օրենք չկա և հացադուլ անողները պետք է օգտվեն իրենց հասանելիք բուժօգնությունից: ՄԻՊ-ից խոստացել են զբաղվել այդ հարցով։

Ավելի վաղ Սարի թաղի գործով ձերբակալված անձիք նամակ էի ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ նշելով, որ արդել 7 ամիս կալանավորված 10 սարիթաղցիներին առաջադրված մեղադրանքը կոնկրետացված չի։ Բացի դրանից՝ դատարանում վկայություն տված տուժող ոստիկաններից ոչ ոք չի ճանաչել ամբաստյանալներին։

Նամակում նշված է, որ տուժողների նախաքննական մարմիններին և դատարանում տված ցուցմունքների միջև կա հակասություն։

Ոստիկաններից մի քանիսը դատարանի դահլիճում ցուցմունք են տվել, որ ամբաստյանալների պահանջը եղել է կենցաղային, որ նրանք ցանկանում էին լուծել իրենց սոցիալական խնդիրները։

«Այստեղից կարելի է ենթադրել, որ նրանց գործողությունները ուղղված չի եղել իշխանության ներկայացուցիչների դեմ, ուստի չի կարող կիրառվել քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասը», – նշված է նամակում։

Դատախազության պատասխանում նշված է, որ «ամբաստանյալներին անհիմն կալանքի տակ պահելու մասին հետևությունները հիմնավոր չեն»։ Բացի դրանից՝ տուժողների՝ անբաստանյալներին չճանաչելու հանգամանքը «կասկածի տակ չի դնում ամբաստանյալների առաջադրված մեղադրանքը»։

Նշենք, որ Սարի Թաղի 10 բնակիչներ մեղադրվում են հուլիսի 19-ին իրենց թաղամասում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկաններին հարվածելու մեջ։ Ոստիկանների հետ բախման արդյունքում ձերբակալեցին 10 սարիթաղցիներ,որոնց մեղադրանք առաջադրվեց 316 հոդվածի 2-ին մաս, այն է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը։ Գործով որպես տուժող է անցնում 6 ոստիկան։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 5-10 տարի ազատազրկում։ Բախումը տեղի էր «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո, երբ ոստիկանները փակել էին դեպի Սարի Թաղի մի հատված տանող ճանապարհը։ Թաղամասի մի մասը նաև հոսանքազրկվել ու ջրազրկվել էր, ինչից էլ բողոքում էին բնակիչները։