Այս տարվա հուլիսին Էրեբունի համայնքում գտնվող ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավված լինելու ընթացքում ոստիկանների և քաղաքացիների միջև ամենալուրջ բախումը տեղի է ունեցել հուլիսի 29-ին, երբ իրավապահները հատուկ միջոցներ են կիրառել և անհամաչափ ուժ գործադրել ցուցարարների նկատմամբ։ Այդ օրը տասնյակ մարդիկ են տուժել, այդ թվում՝ լրագրողներ։ Դատախազությունը, սակայն, ավելի հետևողական է հուլիսի 19-ին Սարի թաղում բնակիչների և ոստիկանների միջև բախումից հետո հարուցված քրեական գործի հարցում։ Նման կարծիքի են ձերբակալված սարիթաղցիներ Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Հարությունյանի, Էդուարդ Զեյթունյանի, Հարություն Թորոսյանի հարազատները։
Նրանց խոսքով՝ իրենց հարազատների նկատմամբ անհիմն և հնարավորինս խիստ մեղադրանքներ են առաջադրվել՝ տղաներին բողոքելու համար պատժելու նպատակով։ Վերջիններս արդեն 2.5 ամիս կալանքի տակ են գտնվում, մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նշենք, որ բախումը տեղի էր ունեցել «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո, երբ ոստիկանները փակել էին դեպի Սարի Թաղի մի հատված տանող ճանապարհը։ Թաղամասի մի մասը նաև հոսանքազրկվել, ջրազրկվել էր, չկար ինտերնետ, դադարեցվել էր տրամսպորտի աշխատանքը, ինչից էլ բողոքում էին բնակիչները։
Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստը հետաձգվել է։ Սարիթաղցիները, սակայն, հնարավորություն են ստացել հանդիպել իրենց ձերբակալված հարազատներին։
Սարիթաղցիները նշում էին, որ ձերբակալվածները նիհարել են, պատշաճ բուժում չեն ստանում, իսկ դատավարությունն անհարկի ձգձգվում է։ Ինչպես նախորդ նիստին՝ այսօր էլ մեղադրող դատախազը չէր ներկայացել դատին։ Ընդ որում, նա իր բացակայության մասին տեղյակ չէր պահել դատարանին։ Մեղադրյալների պաշտպանները հայտարարել են, որ դիմելու են Գլխավոր դատախազին՝ ապահովելու մեղադրող դատախազի ներկայությունը, առանց որի դատական նիստերը չեն կարող կայանալ։
Հարություն Թորոսյանի փաստաբան Անի Թորոսյանը նիստից հետո Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մասին հոդվածը (316) ունի մի առանձնահատկություն․ այն կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ ոստիկանները գործել են օրինականության սահմաններում։ Իսկ Սարի թաղում այդպես ակնհայտորեն չի եղել։
Փաստաբանն ասել է, որ աբսուրդ է նաև այն, թե տղաները մեղադրվում են որպես խումբ գործելու մեջ, ինչը ծանրացնում է մեղադրանքը։ Իրականում խմբակային գործողությունները ենթադրում են նախնական պայմանավորվածություն, միասնական գործողությունները, ինչը ակնհայտորեն չի եղել։
Մեղադրյալ Հարություն Թորոսյանի քույրը՝ Արփինե Թորոսյանը, այս մեզ հետ զրույցում ասել է, որ սարիթաղցիներն այդ օրերին ստիպված էին թաղամասից դուրս գալու համար տաքսի նստել, ամառվա շոգին խմելու ջուր չունեին։ Նրա խոսքով՝ ոստիկանների հարձակումներից իրենց երեխաները մինչև հիմա «ընկնավոր են դարձել»։