Հյուսիսային պողոտայում 2016 թվականի ամառվանից «Սիմփլ Դիլ» ՍՊԸ-ին պատկանող երկաթյա կոնստրուկցիաներով սարքված բացօթյա Cafe de France սրճարանը կրկին պատրաստվում են շահագործել, մինչդեռ այն չունի համապատասխան թույլտվություն։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է հարակից տարածքի սեփականատեր Նիկոլայ Դանիելյանը։ Վերջինիս պատկանող տարածքում 2009 թվականից գործում է Cinnabon սրճարանը։
«Սիմփլ դիլ» ՍՊԸ-ի հիմնադիրը և բաժնետերը Գևորգ Ադամյանն է, որը շահագործում է նաև Հյուսիսային պողոտայի «Tiziano» սրճարանը:
Դանիելյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ սրճարանը գործում է առանց թույլտվության․ բացի դրանից, փակում է իր տարածքում գործող սրճարանի մուտքը, ինչպես նաև խանգարում է հարակից շենքի բնակիչների անցուդարձին։ Դանիելյանը նշել է, որ սրճարանն անգամ չունի կոյուղի և կեղտոտ ջրերն ամբողջապես լցվում են անձրևատար խողովակները, իսկ սրճարանի այցելուներն օգտվում են Cinnabon-ի զուգարանից:
Նրա խոսքով՝ կառուցապատման պատճառով նեղացել է նաև Cinnabon սրճարանի մուտքի ճանապարհը, ինչի պատճառով բազմաթիվ հաճախորդներ դադարել են այցելել սրճարան, և արդյունքում սրճարանի եկամուտը մոտ 30 տոկոսով նվազել է։
Դանիելյանի կողմից լիազորված անձինք փորձել են թույլ չտալ այդտեղ սրճարան բացել, սակայն կառուցապատողները հավաստիացրել են, որ իրենք ունեն Երևանի քաղաքապետարանից ստացված թույլտվությունը։ Չնայած դրան, Դանիելյանը պնդում է, որ սրճարանը գործել է 2016 թվականի հունիսից, այնինչ ներկայացված թույլտվությունը տրվել է նույն տարվա սեպտեմբերին, այսինքն՝ սրճարանը մոտ 3 ամիս առանց թույլտվության է աշխատել։
Դանիելյանը մի շարք դիմումներ է ուղարկել նաև Երևանի թաղապատերան և քաղաքապետարան, սակայն ոչ մի տեղից սրճարան շահագործելու մասին թույլտվություն չի ներկայացվել։
«Մեզ քաղաքապետարանից պատասխանել են, որ մեր պահանջը անհիմն է և անհասկանալի, իսկ մի անգամ էլ քաղաքապետարանի աշխատակիցն է եկել ու ուսումնասիրել տարածքը, որից հետո ասել է, թե կառույցը շարժական է և ոչ մի խնդիր չկա դրա հետ կապված։ Այնինչ մետաղական կոնստրուկցիաներն ամրացված են բետոնե հատակին, ինչը ենթադրում է, որ կառույցը չի կարող շարժական լինել։ Իսկ, երբ թաղապետարանից թույլտվության իրավունք պահանջեցինք, մեզ ուղարկեցին միայն սննդի, խմիչքի և ծխախոտի առևտուր իրականացնելու մասին թույլտվություն, այն էլ 24 քառակուսի մետր տարածքի վրա, իսկ սրճարանի զբաղեցրած տարածքը 100 քառակուսի մետրից ավելին է, և այնտեղ ոչ թե սննդի և խմիչքի վաճառք է իրականացվում, այլ շահագործվում է սրճարան»,- ասել է Դանիելյանը։
Նա ապօրինի շինության վերաբերյալ 2016 թվականի հունիսի 10-ին դիմել էր նաև ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին։ Պատասխան նամակում նշված է եղել, որ այսուհետ հարկավոր է ձեռնպահ մնալ սրճարանների համար նման տարածքների տրամադրումից․ «Այս պատասխանից կարելի է ենթադրել, որ հետագայում պետք է նման անօրինություն թույլ չտալ, իսկ այս անօրինական շինությունը կարող է գործել»։
2016 թվականի օգոստոսի 29-ից իր սեփականության իրավունքի խոչընդոտները վերացնելու պահանջով Դանիելյանը հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան։
Դատարանը նախ կալանք է դրել սրճարանի վրա և արգելել նրա գործունեությունը, սակայն մեկ շաբաթ անց, առանց պատճառաբանության, կալանքը վերացվել է։
Դանիելյանի համոզմամբ՝ սրճարանը անօրինական ճանապարհով արդեն 2-րդ տարին անընդմեջ շահագործվում է, քանի որ այս գործում շահագրգիռ անձ է Երևանի Կենտրոնի թաղապետ Արա Սադոյանը, ում եղբորորդին «Սիմփլ Դիլ» ՍՊԸ-ի և սրճարանի բաժնետերերից մեկն է։
Նշենք, որ գործով հերթական դատական նիստը կայանալու է ապրիլի 13-ին։