2016 թվականին ապրիլյան էսկալացիայի օրերին մարդկանց մահերը պայմանավորված չեն եղել միայն ռազմական գործողություններով, այլև բանակում վառելիքի անորակությամբ, զինտեխնիկայի չգործելով, զինամթերքի անհրաժեշտ քանակի բացակայութամբ։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսի ժամանակ ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) ղեկավար Արթուր Սաքունցը։ Անցյալ տարվա նոյեմբերին ՀՔԱՎ֊ն ապրիլի ծագած խնդիրների վերաբերյալ զեկույց էր պատրաստել:
Հասարակական կազմակերպությունը կատարված հանցագործությունների մասին հաղորդում է պատրաստել և դիմել Գլխավոր դատախազությունը, որը կարող էր կա՛մ հաղորդումն ուղարկել քննության, կա՛մ համարել, որ քրեական հետապնդում սկսելու հիմքեր չկան։ Սաքունցի խոսքով՝ այդ գործողություններից և ոչ մեկը չի արվել։ Չնայած դրան, ՀՔԱՎ֊ի ղեկավարն ընդգծել է, որ թեման հանրային օրակարգից չի հանվելու․ իրենց տեղեկանքը նորից ուղարկվելու է Գլխավոր դատախազություն, ՊՆ, նոր ԱԺ֊ի հանձնաժողովներ, ՄԻՊ֊ին։
«Մենք հիմա նորից դիմել ենք, որովհետև մենք պետք է տեսնենք՝ ինչն են քննել, դեռ պետք է բողոքարկենք։ Կատարված հանցագործությունների կոծկումը նշանակում է՝ իշխանությունները շարունակում են չկատարել իրենց պարտականությունը՝ մարդկանց կյանքի իրավունքը խախտման դեպքերը բացայատելու։ Մեր ուշադրության կենտրոնում պետք է պահենք ոչ միայն Մարտի 1֊ը և Հոկտեմբերի 27֊ը, այլև պատերազմական գործողությունների թեման, որովհետև սա ցույց տվեց ամբողջ խոցելիությունը, կոռուպցիայի ծանր հետևանքները, հրամանատարների անորակության հետևանքները, պաշտպանական բնագավառի կառավարման հետևանքները։ Մարդիկ են մահացել, և նրանց ոչ միայն շքանշաններով պետք է կոմպենսացնել, այլև պետք է քննություն կատարել։ Մի պաշտոնատար անձ ապրիլյան գործողությունների համար պատասխանատվություն չի կրել»,֊ ասել է Սաքունցը։
Իրավապաշտպանը քննադատել է նաև Պաշտպանության նախարարությանը, որն անցած մեկ տարվա ընթացքում չի կազմակերպել որևէ քննարկում, որտեղ հանրությունը հնարավորություն կունենար մասնակցել, հարցեր տալ, պատասխաններ ստանալ, որպեսզի բացթողումների համար որևէ պաշտոնյա պատասխանատվություն կրի։