Home / Բանակ / Ասելիք ունեն, բայց ծառայության մեջ են․ ինչ էր կատարվում ապրիլին սահմանագծում

Ասելիք ունեն, բայց ծառայության մեջ են․ ինչ էր կատարվում ապրիլին սահմանագծում

Ինչպես են զոհվել զինծառայողները ապրիլյան բախումների ժամանակ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը զրուցել է տասնյակ զոհվածների հարազատների հետ, որոնցից մի քանիսը պատմել են սահմանագծին առաջացած խնդիրների, մասնավորապես, ռազմթերքի ոչ բավարար քանակի, տեխնիկայի անսարքության մասին։ Ներկայացնում ենք իրավապաշտպան կազմակերպության զեկույցից որոշ հատվածներ․

Զինծառայող 1․ զոհվել է Մարտակերտում, 2016 թվականի ապրիլի 2-ին: Հարազատները զոհերի մեծ թիվը կապում են սպառազինության, զենք-զինամթերքի անբավարար քանակի, ինչպես նաև պատերազմական գործողությունների սկսման վերաբերյալ հետախուզական տվյալների բացակայության հետ: Ըստ հարազատների՝ հակառակորդ կողմը հաճախ է տանկերն առաջ բերում, որի հետևանքով դատարկվում են սահմանակից գյուղերը:

Զինծառայող 2․ զոհվել է Ջաբրայիլում 2016 թ. ապրիլի 2-ին: Հարազատները գնացել են զոհվելու վայր և իրենց ստացած տեղեկությունների համաձայն՝ այդ հատվածում ծառայած զինվորներից ոչ-ոք ողջ չի մնացել, քանի որ եղել են անպատրաստ, բավարար քանակով զենք չեն ունեցել դիմակայելու համար: Նրանց ուղղությամբ հակառակորդի տանկերը առաջ են եկել, ինչը հնարավոր չէր չնկատել: Զինծառայողի հարազատները միտումնավորություն են տեսնում նրանում, որ որևէ ջանք չի գործադրվել դիրքերն ամրացնելու, զինծառայողներին անհրաժեշտ զինամթերքով ապահովելու համար: Ըստ նրանց՝ Ջաբրայիլում «բարձիթողի վիճակ է եղել, տանկերը եղել են անսարք վիճակում: Կուբաթլուից Ջաբրայիլ տանող ճանապարհին բավականին շատ անսարք տանկեր են կանգնած եղել, որոնցից շատերի մեջ վառելիքի փոխարեն ջուր է լցված եղել, երբ շարժիչը միացրել են, որ առաջնագիծ մեկնեն, շարժիչը խափանվել է»: Զինծառայողի հարազատների հետ հանդիպած զինակիցները հայտնել են, որ «ասելիք» շատ ունեն, սակայն ծառայության մեջ գտնվելու ընթացքում չեն կարող խոսել այդ մասին:

Զինծառայող 3․ զոհվել է Ջաբրայիլում 2016 թ. ապրիլի 2-ին: Հարազատները հայտնել են, որ պատերազմական գործողությունների ժամանակ իրենց որդին բավարար քանակով ռազմամթերք չի ունեցել, որի պատճառով մեծ թվով զոհեր են եղել:

Զինծառայող 4․ զոհվել է Ջաբրայիլում 2016 թ. ապրիլի 2-ին: Հարազատները հայտնել են, որ հանկարծակի եկած զինծառայողները երկար ժամանակ մարտի են բռնվել հակառակորդի հետ, մինչև ապրիլի 2-ի առավոտյան ժամը 7:30 կապ են հաստատել հրամանատարական շտաբի հետ՝ խնդրելով աջակցել և հայտնել հետագա գործողությունների մասին, բայց որևէ պատասխան և հրահանգ չեն ստացել:

Զինծառայող 5․ զոհվել է Թալիշում 2016 թ. ապրիլի 2-ին: Հոր խոսքերով՝ որդին իր զինվորների հետ միանգամից սկսել է Թալիշի դիրքերի հետ բերելը, հաջողությամբ 2 դիրք են գրավել, որից հետո որդու զենքը՝ գնդացիրը, փչացել է, խցանվել, նա խնդրել է մյուս գնդացրորդին, որպեսզի վերցնի մյուսի զենքը և մարտի դուրս գա, սակայն բացասական պատասխան ստանալով՝ գիշերը փոքր լապտերի լույսի ներքո քանդել և վերանորոգել է զենքը՝ մյուսների հետ դուրս գալով երրորդ ամենակարևոր դիրքի գրավմանը, որը եղել է բարձունքի վրա: Զինծառայողի սպանվելուց հետո նրա ծառայակիցները գրեթե գրաված են եղել վերոհիշյալ դիրքը, սակայն հրաման են ստացել հետ նահանջի և հետ են եկել: Մինչ այժմ, ըստ զինծառայողի հոր հայտնած տեղեկատվության, այդ դիրքը գտնվում է հակառակորդի հսկողության տակ:

Զինծառայող 6․ զոհվել է Ջաբրայիլում 2016 թ. ապրիլի 2-ին: Հայրը իր դժգոհությունն է հայտնել սպառազինության անբավարար քանակից, զինտեխնիկայի անբարեկարգ վիճակից: Նա ապրիլի 2-ից մինչև ապրիլի 10-ը գտնվել է Արցախում և անձամբ տեսել է՝ ինչ է կատարվել: «Տանկերն ինչի՞ չգնացին էնտեղ կռիվ տալու, քանի որ ակումլյատոր չունեին, քանի որ դրանք շուկաներում վաճառքի են դրված: ԲՄՊ-ները չեն կարողացել մինչև վերջ հասնել, քանի որ վառելիքի փոխարեն լցված են եղել ջրով: Կամավորներին չեն կարողացել ապահովել անհրաժեշտ քանակի փամփուշտներով։ Հատկացրել են 60 հատ փամփուշտ յուրաքանչյուրին, որն ընդամենը 1,5 րոպե հետո կարող է ավարտվել:

Զինծառայող 7․ զոհվել է Ջաբրայիլում 2016 թ. ապրիլի 2-ին: Ծառայակիցները ծնողին պատմել են, որ 19-րդ բարձունքում որդին մի զինծառայողի հետ կռվել են մինչև ապրիլի 2-ի առավոտյան ժամը 9-ի կողմերը: Նա միայնակ շարունակել է կռվել՝ հետ ուղարկելով զինակցին: Հայրը այն կարծիքին է, որ լավ պատրաստված լինելու, բանակի միջոցները մսխած չլինելու ու բավականաչափ զինտեխնիկա ունենալու դեպքում վիճակն այլ կերպ կարող էր լինել:

Զինծառայող 8․ զոհվել է Ջաբրայիլում 2016 թ. ապրիլի 3-ին: Մարտի է բռնվել 1970-ականների արտադրության տանկով հակառակորդի 5 տանկի դիմաց, որոնց, ըստ հարազատների, նա խոցել է: Զինծառայողի եղբոր ունեցած տվյալների համաձայն՝ նա և նրա անձնակազմը եղել են 321 համարի տանկով, որը եղել է հենց զինծառայողին կցված տեխնիկան, սակայն զինծառայողը մահացել է այլ տանկի մեջ:

Զինծառայող 9․ զոհվել է Մարտակերտում, 2016 թ. ապրիլի 2-ին: Հարազատները հայտնում են, որ իրենց որդին և ծառայակիցները զոհվել են անհամեմատ մեծ թվով հակառակորդին դիմակայելու համար անհրաժեշտ քանակի զինամթերք չունենալու հետևանքով:

Զինծառայող 10․ զոհվել է Թալիշում 2016 թ. ապրիլի 4-ին: Հարազատները մահվան պատճառ են համարում սխալ հրամանը՝ նշելով, որ «վերևներում գիտեն, ինչ է կատարվում»:

Զինծառայող 11․ զոհվել է Թալիշում 2016 թ. ապրիլի 2-ին: Հարազատներն իրենց որդու զոհվելու հետ կապված նշում են, որ զինամթերքը վերջացել է և չի ապահովվել նոր զինամթերքի մատակարարում:

Զինծառայող 12․ զոհվել է Մարտակերտում, 2016 թ. ապրիլի 26-ին: Զինծառայողի ծնողները հանդիպել են հրամանատարի հետ և հարցրել, թե ինչու մարտական դիրքի 3-րդ գծում գտնվող իրենց որդին այդ պահին զրահաբաճկոնով չի եղել, որին ի պատասխան վերջինս հայտնել է, թե դրանց քանակը քիչ է, այդ պատճառով էլ նախ առաջնագծի տղաներին են ապահովում: Ծնողները վստահ են, որ նույնիսկ այդ բոլոր իրադարձություններից հետո զինծառայողները ապահովված չեն անվտանգության միջոցներով: