Պարտադիր ժամկետային զինծառայող, Արցախի Պաշտպանության բանակի շարքային Կարեն Արմենի Ավետիսյանը ապրիլի 25-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, հայտնաբերվել է իր զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում` ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:
Գերատեսչությունը հայտնում է, որ նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը 19-ամյա Ավետիսյանը հասցրել է ինքն իրեն՝ իրեն ամրակցված գնդացրով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն:
Վերջին 1 շաբաթվա ընթացքում սա ՀՀ Զինված ուժերում և Պաշտպանության բանակում զինծառայողի մահվան 4-րդ դեպքն է: Երեկ հակառակորդի կողմից ստացած կրակոցից մահացել էր Նարեկ Հարությունյանը: Ապրիլի 19-ին հակառակորդի կողմից ստացած կրակոցից մահացել էր Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայող Թաթուլ Հարությունյանը։ Ապրիլի 21-ին մահացու վիրավորում էր ստացել ՀՀ զինված ուժերի Վայքի զորամասի զինծառայող Նարեկ Հակոբյանը։ Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ Հակոբյանը վնասվածքը ստացել էր նույ զորամասի կրտսեր սերժանտի կողմից ինքնաձիգը մաքրելիս՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած կրակոցից: