Ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Նարեկ Հմայակի Հարությունյանը: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ զինծառայողը մահացել է հակառակորդի կողմից արձակած կրակոցից։
Նախորդ շաբաթվա ընթացքում դա ՀՀ զինված ուժերում և Պաշտպանության բանակում զինծառայողի մահվան 3-րդ դեպքն է։
Ապրիլի 19-ին հակառակորդի կողմից ստացած կրակոցից մահացել էր Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայող Թաթուլ Հարությունյանը։ Ապրիլի 21-ին մահացու վիրավորում էր ստացել ՀՀ զինված ուժերի Վայքի զորամասի զինծառայող Նարեկ Հակոբյանը։ Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ Հակոբյանը վնասվածքը ստացել էր նույ զորամասի կրտսեր սերժանտի կողմից ինքնաձիգը մաքրելիս՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած կրակոցից: