2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Նաիրիտցիները պահանջում են պատասխանատվության ենթարկել իրենց գործը քննող դատավորին

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր դիմել են Արդարադատության խորհուրդ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել իրենց բողոքի քննությունը 5 ամսով հետաձգած Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանին։

Epress.am֊ի հետ զրույցում նախկին նաիրիտցիների շահերը պաշտպանող Տիգրան Սարգսյանը նշել է, որ դատավորի նման որոշումը հանգեցնում է նրան, որ իր պաշտպանյալները չեն վստահում նրա անաչառությանը:

«Դատավորները պետք է ողջամիտ ժամկետներում քննեն գործը, որպեսզի մարդու իրավուքները պաշտպանված լինեն: Քանի որ դատավոր Նարինյանը դատական նիստը հետաձգեց 5 ամսով, ինչն աննախադեպ բան է դատական պրակտիկայում, մենք տեսնում ենք միտում և դատավորի վարքագծի կանոնի խախտում, ինչի համար էլ դիմում ենք ներկայացրել Արդարադատության խորհրդի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով և պահանջել ենք դատավորին ենթարկել կարգապահական տույժի»,- նշել է Սարգսյանը։

Փաստաբանի խոսքով՝ դատավորի նշանակած ժամկետը անտրամաբանական է, և եթե Արդարադատության խորհուրդը հաստատի, որ դատավորի վարքագիծը նորմալ է, կարելի է վստահորեն ասել, որ Հայաստանը չունի դատական համակարգ: