Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների բողոքի քննությունն այսօր հետաձգել է 5 ամսով։ Այդ որոշումը առաջացրել է նախկին նաիրիտցիների դժգոհությունը․ հայցվորներից Սաթենիկ Մաճկալյանն արձագանքել է․ «Գիտեն, որ մենք բոլորս տարեց մարդիկ ենք, ձգձգում են, որ մահանանք, գործը կարճվի»։
Եղել են նաև հետևյալ մեկնաբանությունները․
«Ուզում են զահլաներս գնա, դադարենք պայքարելուց»։
«Այս ընթացքում կարող ենք գնալ խոպան, հետ գալ»։
Դատավորը նախ դահլիճում սկսված աղմուկից հետ ասել է, որ ինքը պարտավոր չէ արդարանալ իր որոշման համար, ապա արդարացել է նախ Շենգավիթի դատարանի գերծանրաբեռնվածությամբ, հետո մեղադրել է նաիրիտցի հայցվորներին՝ ասելով, որ վերջիններս այսօր փոխել են հայցի պահանջը։
Այսօր դատարանում նաիրիտցիների պաշտպան Տիգրան Սարգսյանը լրացել է պահանջը․ նաիրիտցիներն այս դատական գործերով փորձում են անվավեր ճանաչել «Նաիրիտ 2» գործարանի հետ կնքած պայմանագրերը, որոնք, ըստ նաիրտիցների ստրակցուցիչ են եղել, և իրանք դրանցով հրաժարվել են աշխատավարձի ուշացման համար հասանելիք տույժերից, քանի որ, 18 ամիս աշխտավարձ չստանալով, եղել են ծայրահեղ ծանր ֆինանսական վիճակում։ Այդ փաստաթուղթը ստորագրելը նախապայման էր ուշացված աշխատավարձը ստանալու համար։
«Նաիրիտ 2»֊ը, ըստ փաստաբանի, դիտավորությամբ ստորագրված փաստաթղթերը վերնագրել է «Պահանջի իրավունքի զիջման» պայմանագրեր, սակայն դրանք էությամբ ամբողջությամբ աշխատանքային պայմանագրեր են։ Իսկ աշխատանքային պայմանագրերն ավելի մեծ հնարավորություններ են տալիս քաղաքացիներին իրենց շահերը պաշտպանելու։
«Քաղաքացիական օրենսգրքի համաձայն, եթե պայմանագրի վերնագրի և բովանդակության մեջ կա հակասություն, պետք է առաջնահերթությունը տրվի բովանդակությանը», ֊ դատարանում ասել է Տիգրան Սարգսյանը։
Դատական գործը հետաձգելն առաջին քայլը չէ, որ նաիրիտցիների մոտ անաչառության կասկած է առաջացրել դատավոր Գևորգ Նարինյանի նկատմամբ։ Անցյալ նիստին Նարինյանը պահանջել էր ապացույցներ ներկայացնել, որ նաիրիտցիները ֆինանսական պրոբլեմներ են ունեցել՝ աշխատավարձ չստանալու 18 ամիսներին։
Հայցվորներին ժամանակ էր տրվել այդպիսի ապացույցներ ներկայացնել։
Սաթենիկ Մաճկալյանն ասել է, որ կան ապացույցներ, բայց նա չի ցանկանում դրանք դատարանում ներկայացնել։ «Ի՞նչ ապացուցեմ․․․ որ սոված քնել եմ, իմ արժանապատվությունը չի ներել, որ օգնություն խնդրե՞մ։ Պարզ չի՞, որ եթե մարդը գումար չի ստանում 18 ամիս, վատ վիճակում է»։