Home / Շուկա / «Նաիրիտի» նախկին աշխատակիցները դատախազությանը գործարանի թալանի մասին փաստեր կներկայացնեն

«Նաիրիտի» նախկին աշխատակիցները դատախազությանը գործարանի թալանի մասին փաստեր կներկայացնեն

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները պատրաստվում են ՀՀ դատախազությանը ներկայացնել «Նաիրիտը» թալանելու վերաբերյալ փաստեր։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է գործարանի նախկին աշխատակիցներից Կարինե Շահվերդյանը՝ թալանի մեջ մեղադրելով ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, գործարանի նախկին տնօրեն Վահան Մելքոնյանին և ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանին (մահացել է 2015 թվականին)։

«Հենց նրանց թալանի շնորհիվ գործարանը գնաց սրան (սննկացման խմբ․)։ Դա ակնհայտ է, և դրա վերաբերյալ մենք փաստեր ունենք, որոնցով դիմելու ենք դատախազություն», – ասել է Շահվերդյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը նպատակ ունի «Նաիրիտը» սննկացման տանելու և չվերագործարկելու․ «Տարիներ շարունակ իրենք այդ նպատակն են ունեցել և հիմա էլ այն առաջ են մղում։ Ցանկություն չունեն վերագործարկելու, մեզ տեսնելու, լսելու և այդպես էլ անում են։ 20 տարվա ընթացքում նրանք միայն քանդել, ավիրել, գրպանել են։ Նրանք միայն դրան են ունակ ու դա են անում»։

Շահվերդյանն ասել է, որ, անկախ ամեն ինչից, գործարանի նախկին աշխատակիցները շարունակելու են իրենց պայքարը «Նաիրիտը» վերագործարկելու համար։

Նշենք, որ 2016 թվականի նոյեմբերի 28-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության հայցը և «Նաիրիտ» գործարանը սնանկ ճանաչել։ ՀԵՑ-ը դատարան էր դիմել դեռ 2015-ի ապրիլին՝ պահանջելով վճարել 1 միլիարդ դրամից ավել պարտքը։

Փետրվարի 14-ին կայացել է սնանկության գործով կառավարչի նշանակած պարտատերերի առաջին ժողովը, որի ժամանակ սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը նշել է, որ մինչև առաջին ժողովը առողջացման ծրարգրերը պետք է ներկայացվեին, ինչը չի արվել։ «Նաիրիտը» վերագործարկելու ցանկություն է հայտնել 2 կազմակերպություն, սակայն առայժմ նրանց ներկայացված հայտերի ճակատագիրն անհայտ է մնում։