«Նաիրիտ գործարան» ընկերությունը հստակորեն տարվում է լուծարման և գույքի օտարման։ Այս մասին այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ասել է «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը։
Դատարանում ընթանում էր «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչի նշանակած պարտատերերի առաջին ժողովը։
Ժողովի ընթացքում 5 խոշորագույն պարտատերերն ընդգրկվել են պարտատերերի խորհրդի կազմում։ Նրանք պետք է մասնակցեն սնանկության հետագա գործընթացին ու ներկայացնեն մնացած բոլոր պարտատերերի շահերը։ Այսպիսով, 5 հիմնական պարտատերերն են՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն,«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և «Նաիրիտ 2» ՓԲԸ-ն։
Ժողովի ընթացքում սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը նշել է, որ մինչև այս հավաքը չի ներկայացվել առողջացման ծրագիր, և ընկերության նկատմամբ պետք է լուծարման վարույթ սկսվի, քանի որ, ըստ օրենքի, առողջացման ծրագիրը կիրականացվեր, եթե այն մինչև առաջին ժողովը ներկայացվեր դատարան, ինչը չի արվել։ Առողջացման ծրագիր կարող են ներկայացնել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ֊ի պարտատերերը։
Կարեն Իսրայելյանը սնանկության կառավարչից հետաքրքրվել է՝ արդյոք այս ժողովից հետո հնարավոր չի լինի ներկայացնել առողջացման ծրագիր։ Ասատրյանը նշել է, որ սնանկության վարույթ սկսելը չի նշանակում, որ գործընթացն ավարտվում է։ Նրա խոսքով՝ ընկերությունը կարող է առողջանալ նույնիսկ լուծարման գործընթաց սկսելուց հետո, եթե բավարարվեն պարտատերերի պահանջներն ամբողջությամբ, կամ էլ պարտատերերի մի մասը հրաժարվի պահանջից։
«Սնանկության գործով առաջին ժողովից հետո կարելի է փաստել, որ գործարանն իրենք տանում են լուծարման։ «Եվրասիական կազմակերպություն» հոլդինգի (EU-ASIA Buisness Finance Centre Holding, որի ղեկավարն է Սլովակիայում բնակվող գործարար Աշոտ Գրիգորյանը) առողջացման ծրագիրը ներկայացվել է Կառավարությանը և Էներգետիկայի նախարարությանը, բայց ոչ մեկ բանի տեղ չի դնում և մինչև այսօր նրանց ներկայացրած ծրագրին ոչ մի պատասխան չի տրվել»,- ժողովից հետո ասել է Կարեն Իսրայելյանը։
Նշենք, որ 2016 թվականի նոյեմբերի 28-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության հայցը և «Նաիրիտ» գործարանը սնանկ ճանաչել։ ՀԵՑ-ը դատարան էր դիմել դեռ 2015-ի ապրիլին՝ պահանջելով վճարել 1 միլիարդ դրամից ավել պարտքը։