«Նաիրիտ» գործարանը վերագործարկելու համար անցկացվող մրցույթի հայտագրումների ժամկետն ավարտվել է հունվարի 20-ին, սակայն ոչ ոք տեղյակ չէ՝ ով է զբաղվում մրցույթի հայտերը քննելու ու որոշում կայացնելու գործընթացով։
«Նաիրիտի» վերագործարկման համար մրցույթը հայտարարել էր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը։ Հունվարի 26-ին նախարարությունից Epress.am֊ի լրագրողի հետ զրույցում հայտնել էին, որ հայտերը պետք է ուղարկվեին «Նաիրիտ» գործարան՝ գլխավոր ինժեներին։
«Նաիրիտ» գործարանի գլխավոր ինժեներ Վյաչեսլավ Անանյանն այսօր մեզ հետ զրույցում ասել է, որ մինչև մրցույթի ավարտի ժամկետը երկու հայտ է ներկայացվել։ Անանյանը նշել է, որ մրցույթը հայտարարելուց մի քանի օր անց գործարանը սնանկ էր հայտարարվել, այդ իսկ պատճառով էլ ինքը հայտերը ստանալուց հետո դրանք ուղարկել է գործարանի սնակության կառավարիչ Կարեն Ասատրյանին։
«Ընդամենը երկու կազմակերպություն է հայտ ներկայացրել, որոնցից մեկը որոշ դժվարությունների պատճառով ուշացումով էր ուղարկել։ Առաջինը՝ «Եվրասիական կազմակերպություն» հոլդինգն է (EU-ASIA Buisness Finance Centre Holding, որի ղեկավարն է Սլովակիայում բնակվող գործարար Աշոտ Գրիգորյանը), մյուսն էլ Sojitz ընկերությունն է։ Կազմակերպությունների հայտերը մենք փոխանցել ենք «Նաիրիտ» գործարանի սնակության կառավարչին՝ Կարեն Ասատրյանին, և հայտերի վերաբերյալ որոշումները և վերլուծությունները կատարվելու են սնանկի կառավարչի ու համապատասխան մարմինների կողմից», – նշել է գործարանի գլխավոր ինժեները։
Epress.am֊ը կապ է հաստատել Կարեն Ասատրյանի հետ, սակայն սնանկության կառավարիչն ասել է, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը։ Նա ասել է, որ ինքը չի զբաղվում մրցույթի հետ կապված հարցերով։
«Ես հանձնաժողովի կազմում չեմ ու տեղյակ չեմ այդ գործընթացից։ Ես ընդհանրապես զբաղվում եմ միայն սնանկության վարույթով և մնացած հարցերի հետ կապված ոչ մի տեղեկություն չունեմ։ Չգիտեմ, թե ինչու է գլխավոր ինժեները նման բաներ ասում, բայց սնանկության վարույթին չառնչվող հարցերի հետ ես կապ չունեմ»,- նշել է Ասատրյանը։
Epress.am֊ի թղթակիցը կրկին զանգահարել է գործարանի գլխավոր ինժեներին, սակայն վերջինս դարձյալ պնդել է, որ հայտերն Ասատրյանին են ուղարկվել․ «Ես չգիտեմ, թե ինչու է կառավարիչն այդպես ասում, բայց նամակների բաժնում էլ նշված է, որ այդ փաթեթներն ուղարկվել է «Նաիրիտ» գործարանի սնանկության կառավարչին՝ Կարեն Ասատրյանին»։