հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ներդնող․ «Պետությունն ինքն է մասնակցել «Նաիրիտում» գողությանը»

Ներդնող․ «Պետությունն ինքն է մասնակցել «Նաիրիտում» գողությանը»

Իշխանությունները չեն ցանկանում «Նաիրիտ» գործարանը վերագործարկման հանձնել, քանի որ այդ դեպքում կբացահայտվի իրենց արած գողությունը։ Այս մասին հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սլովակիայի հայկական համայնքի ղեկավար, EU-ASIA Buisness Finance Centre հոլդինգը ղեկավարող գործարար Աշոտ Գրիգորյանը (լուսանկարում) վերագոծարկելու համար։

Նրա խոսքով՝ նախկինում «Նաիրիտ» գործարանում կատարվել է պետական մասշտաբով գողություն․ «Անցած անգամվա սնանկությունը տեղի է ունեցել, որովհետև պետությունը ինքն է մասնակցել գողությանը։ Առանց պետության մասնակցության գողություն չի կարող լինել։ Տիգրան Սարգսյանը տրամադրված վարկերը գցել է իր օֆշորային ընկերությունների վրա, և հենց մենք սկսենք աշխատացնել գործարանը՝ հարց է առաջանալու, բա էդ ի՞նչ արեցիք 6 տարի և ո՞ւր են փողերը։ Բնականաբար այդ թելը հասնելու է Եվրասիական միության վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Ես Սլովակիայում Կիպրոսի դեսպանից հաստատում ունեմ, որ Տիգրան Սարգսյանի անունով այնտեղ օֆշոր է բացված, և ինքն է բոլոր փաստաթղթերը ստորագրել։ Խնդիրը նրանում է, որ եթե պետությունը չմասնակցի գողությանը, մեկ ցենտ անգամ չի կարող գողացվել»։

Չնայած այս ամենին, Գրիգորյանը նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ երեկ տեղի ունեցած հանդիպումը դրական է գնահատել․ «Վարչապետը ոգևորված է առաջարկվող ծրագրերից։ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն իր սև գործն է արել՝ կարճ ժամանակ նախարար աշխատելով։ Նա գաղափար անգամ չունենալով էներգետիկայից՝ կարողացել է կասկածներ ներշնչել բոլորին, որը առկա էր նաև վարչապետի մոտ։ Ամբողջ աշխարհում պետությունն է ներդրողներին շահագրգռում ու ցրում նրանց կասկածները, իսկ Հայաստանի իշխանությունները միակն են, որ ներդրողների կասկածները ցրելու փոխարեն, նրանց մեջ կասկածներ են դնում»։

Գործարարը, որը ասում է, թե պատրաստ է սկզբնական շրջանում 25 միլիոն դոլարի ներդրում կատարել «Նաիրիտում», նշել է, որ հանդիպումներն ավարտելուց հետո, իրենք պատվիրակությունով վերադառնալու են Սլովակիա և կազմելու են իրենց հետագա քայլերի վերաբերյալ ծրագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում