Այս տարվա հունվարի 20-ին Կառավարությունը կներկայացնի այն կազմակերպությունների անունները, որոնք «Նաիրիտ» գործարանի վերագործարկաման համար Էներգետիկային և բնական պաշարների նախարարության կողմից 2016 թվականի հոկտեմբերին հայտարարված մրցույթին հայտ են ներկայացրել:
Այսօր առավոտյան ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված գործարանի նախկին աշխատակիցներն ասել են, որ թույլ չեն տալու, որպեսզի Կառավարությունը, օգտվելով գործարանի սնանկության գործընթացից, մրցույթը չեղյալ հայտարարի: Նրանք նաև պահանջում էին, որ մրցույթի հաղթողի և պարտվողի առաջարկները բաց ներկայացվեն իրենց:
Epress.am-ի հետ զրույցում նաիրիտցիները պատմել են, որ գործարանի վերագործարկման համար ռուսական մի կազմակերպություն է դիմել և Սլովակիայի հայկական համայնքի ղեկավար, EU-ASIA Buisness Finance Centre հոլդինգը ներկայացնող գործարար Աշոտ Գրիգորյանը: Վերջինս ցանկանում է վերագործարկել գործարանը և պատրաստ է 20 միլիոն դոլարի ներդրում կատարել։
Նրանք նշել են, որ գործարանի նախկին աշխատակիցները նախընտրում են, որ հենց այդ եվրոպական կազմակերպությունը հաղթի մրցույթում, քանի որ Գրիգորյանը գործարանը պատրաստվում է գործարկել ամբողջությամբ և բոլոր նախկին աշխատակիցներին խոստացել է գործի ընդունել բարձր աշխատավարձերով:
«Մրցույթի մյուս մասնակից ռուսաստանյան կազմակերպությունը, մեր տեղեկություններով, ծրագրել է վերագործարկել միայն քլորի և քացախաթթվի արտադրությունը, իսկ դա չի նշանակում «Նաիրիտի» վերագործարկում: Իսկ եվրոպական հոլդինգի ներկայացուցիչը Կարեն Իսրայելյանն է, որը 2006-2007 թվականներին «Նաիրիտում» եղել է տնօրեն», – նշել է գործարանի նախկին աշխատակից Անահիտ Մանուկյանը:
Անահիտ Մանուկյան
Նրա խոսքով՝ եվրոպական ընկերության ներկայացուցիչները մեկ անգամ արդեն հանդիպել են Հայաստանի իշխանությունների հետ և բանակցություններ վարել:
Մեզ հետ զրույցում Կարեն Իսրայելյանը, իր հերթին, ասել է, որ այն չափանիշները, որոնք մրցույթի համար անհրաժեշտ են եղել, իր ներկայացրած կազմակերպությունն ապահովում է մի քանի անգամ ավելի լավ:
Երեկ գործարանի նախկին աշխատակիցները բաց նամակով դիմել էին նաև մի շարք խոշոր հայաստանյան կուսակցություններին (այդ թվում՝ ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, Հայկական վերածնունդ, Լուսավոր Հայաստան, Քաղաքացիական պայմանագիր)՝ խնդրելով աջակցել իրենց: Նրանք պահանջել էին, որպեսզի կուսակցությունները քայլեր ձեռնարկեն գործարանի սնանկության գործընթացը դադարեցնելու համար: Բաց նամակում նաիրիտցիները նաև հորդորել են, որ կուսակցությունները թույլ չտան գործարանի «առողջացման ծրագրի» անվան տակ առանձնացնել քլորի և թթուների արտադրությունները, իսկ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գործունեության համար անհրաժեշտ հիմնական ակտիվները՝ ացետիլենի, քլորոպրենի և կաուչուկի արտադրությունները հանձնել սնանկության կառավարչին՝ դրանք վաճառելու և պարտատերերի պարտքը մարելու համար։
Այսօր Անահիտ Մանուկյանն այդ առնչությամբ ասել է, որ եթե գործարանի գույքը վաճառվի «Նաիրիտում» այսօր աշխատողների պարտքը տալու համար, ապա այդ դեպքում գործարանն առանց գույքի ուղղակի չի կարող աշխատել:
«Մենք մեր հույսը դրել ենք այն կուսակցությունների վրա, որոնք Ազգային ժողովում ներկայացուցիչներ ունեն: «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները օրենքի նախագիծ էին մշակել «Նաիրիտի» համար, համաձայն որի հարկային արտոնություններ պետք է տրվեր գործարանին: Մենք կոչ ենք անում կուսակցություններին, որ աջակցեն և այնպես անեն, որ օրենքը գործի մեջ դրվի», – նշել է Մանուկյանը: