«Նաիրիտ» ընկերության նախկին աշխատակիցները կոչ են անում քաղաքական կուսակցություններին, հատկապես նրանց, ովքեր ունեն ներկայացուցիչներ Ազգային ժողովում, միանալ իրենց, մեկ շաբաթվա ընթացքում կազմել գործարանի վերագործարկման վերաբերյալ առաջարկություններ և դրանք ներկայացնել Կառավարությանը:
ՀՀ կառավարությունը «Նաիրիտի» վերագործարկման առաջարկներ ստանալու համար մրցույթ էր հայտարարել, որի ժամկետն ավարտվել է հունվարի 20-ին։ Այժմ նախկին նաիրիտցիները, որոնք ցանկանում են հասնել վերագործարկման, մտավախություն ունեն, որ հայտարարված մրցույթի ժամկետը կերկարացվի, և որևէ ընկերություն կներկայացնի մի վերագործարկման ծրագիր, որով «Նաիրիտը» սննակության կտարվի, իսկ գործարանը կբաժանվի երկու մասի. մի մասի վաճառքից կփակվեն նախկին սեփականատերի կուտակած պարտքերը, մյուս մասի հիմքով կիրականացվի «առողջացման ծրագիր», որից հետո «Նաիրիտը» կդառնա միայն քլոր արտադրող գործարան:
Այս մտավախությունները այսօր կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ ներկայացրել է «Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, ով ներկայացնում է վերագործարկման հայտ ուղարկած EU-ASIA Buisness Finance Centre հոլդինգը:
Իսրայելյանն ասել է, որ նման վատ կանխատեսումներ անելը պայմանավորված է տարիներ շարունակ «Նաիրիտի» հարցում Կառավարության որդեգրած քաղաքականությամբ, ինչպես նաև նրանով, որ թեև Կառավարության և Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները հրավիրված են եղել այսօրվա քննարկմանը հրավիրել են քննարկմանը, ոչ ոք չի եկել:
Նա հիշեցրել է, որ թեև Կառավարությունը, ի դեմս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, հայտարարել էր, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի պարտքն «իրենց պարտքը չէ», հետագայում Կառավարությունը վճարել է այդ պարտքը՝ դրժելով իր իսկ խոսքը: Ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ «Նաիրիտի» վերագործարկման առաջարկ սեղանին չկա, եթե լինի, կքննարկեն:
Նախկին նաիրիտցիները նշում են, սակայն, որ առաջարկ կա. EU-ASIA Buisness Finance Centre հոլդինգի կողմից: Աշխատակիցների պահանջները ներկայացնող համակարգող խմբի անդամ Արա Գեղեցիկ Կարեյանը ևս հիշեցրել է, որ երբ իրենք դիմում էին չվճարված աշխատավարձերի պարտքի մասով, Կառավարությունից հրաժարվում էին անգամ ասել, ով է նախկին գործարկող Rhinoville Property Limited-ի սեփականատերը, թեև ««Նաիրիտի» 10 տոկոսը Կառավարությանն էր պատկանում»:
Քննարկմանը ներկա էին մի շարք քաղաքական կուսակցություններ՝ ՀԱԿ, «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ), «Համախմբում», ՀՅԴ, ԲՀԿ, «Ազատ դեմոկրատներ», որոնց ներկայացուցիչները խոստացան, թե կմասնակցեն նաիրիտցիների մասնագիտական քննարկումներին և կաջացկցեն Կառավարությանը դիմելու հարցում: