«Նաիրիտ 2» ընկերությունը կհամաձայնի անվավեր ճանաչել «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատողների պայմանագրերը, եթե վերջիններս համաձայնեն ընկերությանը հետ վերադարձնել նրանց տրված աշխատավարձերը։ Այսօր նաիրիտցիներն ընդդեմ «Նաիրիտ 2»֊ի դատական նիստին պատասխանող ընկերությունը չէր ներկայացել, սակայն հայցվորներին ուղարկել էր վերոնշյալ բովանդակությամբ նամակ։ Աշխատակիցները պնդում են, որ այդ ստրկացուցիչ պայմանագրերն իրենց պարտադրվել են։
«Նաիրիտ» ընկերության նախկին աշխատողները դիմել են դատարան՝ պահանջելով վերացնել 2015 թվականի հուլիսին իրենց և «Նաիրիտ2»֊ի միջև կնքված «Պահանջի իրավունքի զիջման» մասին պայմանագրերի երկրորդ կետը։ Նաիրիտցիները պնդում են, որ գործարանի տնօրեն Հակոբյանն այդ կետով իրենց առջև նախապայման է դրել․ եթե չհրաժարվեն ուշացված աշխատավարձերի համար նախատեսվող տույժերի գումարներից, ուշացված աշխատավարձն էլ չեն ստանա։ Այն ժամանակ նախապայմանին իրենք համաձայնել են, քանի որ պարտքերի, տոկոսների տակ են եղել։
Աշխատողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Սարգսյանի խոսքով՝ «Նաիրիտ 2»֊ն իր պատասխանով հաստատում է, որ նման նախապայման դրված է եղել և հիմա էլ վերահաստատում է այդ պայմանը․ չեք հրաժարվում տույժերից, աշխատավարձը հետ բերեք։
««Նաիրիտ 2»֊ն իր այս պատասխանով հաստատում է այն հանգամանքները, որոնք մենք մեր հայցադիմումի հիմքում դրել ենք՝ պայմանով հարկադրված գործարք է եղել։ Եթե նաիրիտցիները չհրաժարվեին օրենքով նախատեսված տույժերից՝ աշխատավարձի 18 ամիս ուշացման համար, ապա ուշացումով էլ չէին ստանա աշխատավարձ», ֊ այսօր Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասել է փաստաբանը։
«Նաիրիտ 2»֊ի դատարան ուղարկված նամակով ընկերությունը նաև միջնորդում է նաիրիտցիների հայցը մերժել՝ կիրառելով վաղեմության ժամկետը։
«Սա ևս անհեթեթություն է։ Սա իրավունքը զիջելու մասին պայմանագիր է, օրենսդրությունը նախատեսում է հայցային վաղեմության 3 տարի ժամկետ։ Նաիրիտցիները պարբերաբար իրենց պահանջները ներկայացրել են թե հանրային միջոցառումներով, ակցիաներով, թե տնօրինության հետ հանդիպումներում։ Անդրադառնալ հայցային վաղեմությանը ոչ միայն իրավաչափ չէ, այլև ծիծաղելի է»,֊ ասել է Տիգրան Սարգսյանը։