EU-Asia Bussiness Finance Center Holding նախագահությունը պատասխանել է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ սփյուռքահայերին ուղղված կոչին՝ «մասնակի՛ց լինել հայրենիքի ապագայի կառուցմանը»։ Նշենք, որ 7 լեզուներով սփյուռքահայերին ուղղված կոչը Կարեն Կարապետյանը հրապարակել էր երեկ Ֆեյսբուքի իր էջում։
Սլովակիայի հայկական համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանի ղեկավարած հոլդինգը հիշեցնում է, որ «նման ազգանվեր մի փորձ» իրենք կատարել են 2016 թվականի նոյեմբերին, սակայն Կարապետյանի կառավարության կողմից ոչ միայն աջակցություն չեն ստացել, այլ արվել է հնարավոր ամեն ինչ «այդ գլոբալ, ազգանվեր գործարքը իրականություն չդարձնելու համար»:
Խոսքը Սլովակիաից գործարարներից և պետական պաշտոնյաներից կազմված պատվիրակության առաջարկի մասին է, որը վերաբերում էր «Նաիրիտ» գործարանի վերագործարկմանը, արտադրանքի ամբողջական վերաթողարկմանը, որին այս պահի դրությամբ ՀՀ կառավարությունը դեռ չի արձագանքել։ Աշոտ Գրիգորյանը Հայաստան էր այցելել և ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպել է աշնանը։
«Այդ այցից անմիջապես հետո, Դուք հայտարարեցիք, , որ EU-Asia Bussiness Finance Center Holding-ի կողմից ոչ մի ծրագիր չի ներկայացվել կառավարությանը, ներկայացման դեպքում կքննարկենք, չնայած որ ներկայացվել էր հսկայական, նախադեպը չունեցող ընդարձակ ծրագիր: Որից հետո ևս մեկ անգամ «Նաիրիտի» վերագործարկման այդ ծրագիրը ուղղարկվեց ՀՀ կառավարություն: Եվ հանկարծ շատ անհասկանալի և չափազանց արագացված տեմպերով սկսվեց «Նաիրիտի» սնանկության գործընթաց, և արդեն նոյեմբերի 28-ին դատարանի վճռով գործարանը ճանաչվեց սնանկ, որով և սկիզբ դրվեց «Նաիրիտի» «ոչնչացման» ծրագրին: Եվ սա այն դեպքում, երբ նույն ամսվա՝ նոյեմբերի 14-ին հայտարարվել էր մրցույթ (տենդեր), որը բացի ձևական լինելուց՝ ի սկզբանե նախատեսված է եղել ժամանակ շահելու նամար: Իսկ դատարանի 2017թ. փետրվարի 17-ի որոշումներով սկսվել է «Նաիրիտի» լուծարման վարույթ և կասեցվել գործունեությունը․․․․ Սա EU-Asia Bussiness Finance Center Holding-ի համար խաբեության թարմ օրինակ է, որը մեզ հիմք է տալիս դիմելու սփյուռքի մեր հայրենակիցներին՝ հայտարարելու, որ ՀՀ ներկայիս վարչապետը տարածում է ապատեղեկատվություն, ստեղծում է իր մասին երկրի տնտեսության վերականգնման խնդիրներով մտահոգ քաղաքացու իմիջ, սակայն այս ամենն ընդամենը արտաքինից, իրականում պատկերը լրիվ հակառակն է, և այս ամենը ընդամենը լավ կազմակերպված շոու է, իսկ վարչապետը, ինչպես նրան անվանել է նախագահը՝ շոումեն:
Նման քայլերով և կեցվածքով ներկայիս վարչապետը ոչնչով չի տարբերվում իր նախորդից՝ Տիգրան Սարգսյանից (ՀՀ վարչապետ 2008-2014), որի ժամանակ սկիզբ դրվեց տնտեսության այս և նմանատիպ այլ ավերիչ ծրագրերի ստեղծմանն ու իրականացմանը»,֊ ասված է նամակում։